Թուրքիայի հայկական կառույցները ողջունել են Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցը
Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը դարձել է Թուրքիայի հայ համայնքի օրակարգային թեման։ Անհատների մակարդակում նկատվող անվիճելի լավատեսությունն համայնքն ամբողջովին կիսում է նաև վարչական/ինստուտուցիոնալ մակարդակում։
«Մեր տասնյակ հնագույն հիմնադրամները, որոնք գործում են որպես Թուրքիայի Հանրապետության հաստատություններ, և նրանց կից մեր բոլոր հաստատությունները և ընկերությունները գնահատանքով և հույսով են հետևում պարոն Էրդողանի և պարոն Փաշինյանի կողմից ցուցադրվող օրինակելի առաջնորդությանը։ Թուրքիայի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացը վերջին շրջանում մեծ սպասելիքներ է ձևավորել, իսկ երկու ղեկավարների ուղիղ հեռախոսազրույցի ձևավորած մթնոլորտը նոր մասշտաբ է հաղորդել լավատեսությանը... Միջազգային ասպարեզում շատ կարևոր դերակատար Թուրքիայի՝ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը բոլոր առումներով նոր հորիզոններ է խոստանում»,-հայտարարությունը մեջբերել է Ermenihaber-ը:
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ հայ համայնքը, չնայած իր համեստ ներուժին, Թուրքիայի և ՀՀ-ի միջև կարող է խորհրդանշական կամուրջ համարվել։
Հիշեցնենք` հուլիսի 11-ին տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: Կողմերը հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն:
aysor.am