Ռուբեն Վարդանյանն առաջարկում է Համահայկական ճակատ ստեղծել
https://parstoday.ir/hy/news/armenia-i178780-Ռուբեն_Վարդանյանն_առաջարկում_է_Համահայկական_ճակատ_ստեղծել
Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջարկում է ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ: Նա հայտարարությամբ է հանդես եկել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2022 09:11 Asia/Tehran
  • Ռուբեն Վարդանյանն առաջարկում է Համահայկական ճակատ ստեղծել

Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջարկում է ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ: Նա հայտարարությամբ է հանդես եկել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։

«Նման նախաձեռնությունն ինքնին պետք է համախմբի քաղաքացիական հասարակության, Հայաստանի ու Արցախի իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, սփյուռքի և բոլոր հայրենասերների, բոլոր նրանց ներուժը, որոնք հասկանում են արցախյան հողում հայկականության պահպանման սկզբունքային կարևորությունը»,- գրել է նա։

Վարդանյանի խոսքով` անվտանգության առանցքային տարրը հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի գտնվելու ժամկետի երկարաձգման և կոնտինգենտի բազմակի մեծացման հարցի լուծումն է։ Նա նշում է, որ այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել անվտանգությունը:

Այս քայլը, ըստ Վարդանյանի, թույլ կտա տարածաշրջանում խաղաղություն պահպանել, հումանիտար համագործակցություն հաստատել և երկարաժամկետ հավասարակշռված լուծում գտնել: Դրան հիմա պետք է ուղղված լինեն դիվանագիտական ջանքերը:

Նա նաև դիմել է ողջ աշխարհի հայությանն ու բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մարդկային կյանքերի ու մարդկության պատմական ժառանգության ոչնչացման նկատմամբ. պետք է բոլոր միջոցներով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա:

Օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

armeniasputnik.am