Ոչ աշխատանքային ժամ է. Էդգար Ղազարյան–Նիկոլ Փաշինյան հանդիպումը չկայացավ
https://parstoday.ir/hy/news/armenia-i180182-Ոչ_աշխատանքային_ժամ_է._Էդգար_Ղազարյան_Նիկոլ_Փաշինյան_հանդիպումը_չկայացավ
«Անկախության շարժում» նախաձեռնության ղեկավար, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չկայացավ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2022 16:15 Asia/Tehran
  •  Ոչ աշխատանքային ժամ է. Էդգար Ղազարյան–Նիկոլ Փաշինյան հանդիպումը չկայացավ

«Անկախության շարժում» նախաձեռնության ղեկավար, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չկայացավ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Անկախության շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է կազմակերպել Երևանի Հանրապետության հրապարակում։ Մինչ հանրահավաքը նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նախատեսում է այսօր հանդիպել Փաշինյանին, իսկ հետո հայտարարեց, որ գնում է կառավարության շենք` վարչապետին ներկայացնելու նրա հեռացման 3 տարբերակներից մեկը` հրաժարականի պահանջը։

Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները նրան հայտնեցին, որ աշխատանքային ժամն ավարտվել է, և աշխատակազմի ներկայացուցիչներն արդեն շենքում չեն։

Հարցին` արդյոք Փաշինյանը տեղում է, թե ոչ, նրան հստակ պատասխան չտվեցին։

Ղազարյանն առանձին զրուցեց Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Արթուր Խուդինյանի հետ, ինչից հետո նրա համար պարզ դարձավ, որ վարչապետը տեղյակ է հանդիպման մասին։

«Մանրամասներ չեմ հայտնի մեր զրույցից, սակայն հանդիպումը վստահաբար չի կայանալու։ Իմ տպավորությամբ նա վախենում է այդ հանդիպումից։ Երկրորդ հանդիպման փորձ այլևս չի լինի»,– նշեց Ղազարյանը։

Հանրահավաքի մասնակիցները վանկարկեցին. «Ամո՛թ»։

Օրերս Ղազարյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր շարժման ակցիաները մեկնարկում են օգոստոսի 23-ին` Անկախության հռչակագրի ընդունման օրը։ Նա նաև ասել էր, որ հանրահավաքների միջոցով մտադիր են մինչև սեպտեմբերի 21-ը` ՀՀ անկախության օրը, հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

 armeniasputnik.am