Ինչ ակնկալել Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից. մեկնաբանում են քաղաքագետները
https://parstoday.ir/hy/news/armenia-i180690-Ինչ_ակնկալել_Փաշինյան_Ալիև_Միշել_հանդիպումից._մեկնաբանում_են_քաղաքագետները
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2022 06:48 Asia/Tehran
  • Ինչ ակնկալել Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից. մեկնաբանում են քաղաքագետները

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գարիկ Քեռյանն ասաց, որ որոշակի քաղաքագիտական մեկնաբանություններում խոսք կա, որ Արևմուտքը փորձում է Մինսկի ձևաչափը փոխարինել բրյուսելյան ձևաչափով և փաստացի չգործող Մինսկի համանախագահությունը փոխարինել Բրյուսել-Բաքու-Երևան նոր ձևաչափով:

«Եռակողմ առաջին երկու հանդիպումներից հետո եղել են հայտարարություններ, որ կողմերը գնում են համաձայնության ճանապարհով, բայց փաստացիորեն այդ հանդիպումներում մեծամասամբ գաղտնիության շղարշը պահպանվել է: Կարծում եմ, որ այս երրորդ հանդիպման ժամանակ էլ կլինեն դեկլարատիվ հայտարարություններ, բայց թե ինչի մասին է եղել հանդիպումը և ինչ համաձայնության են եկել, դժվար թե լինեն հայտարարություններ»,-ասաց նա`ընդգծելով, որ Ռուսաստանի ձեռքում է գտնվում տարածաշրջանային գործընթացները ուղղորդելու հիմնական լծակները և Ռուսաստանն է, որ կարողանում է այսօր բանակցությունների սեղանի նստել և համագործակցության որոշակի ձևաչափեր ունի Թուրքիայի հետ:

«Ադրբեջանի դիվանագիտությունը բավականին խորամանկ է և բավականին իրատես: Նրանք երկու լարի վրա միշտ էլ հաջողությամբ խաղում են և կարողանում են օգուտներ քաղել: Հայաստանն էլ պետք է կարողանա երկկողմանի հավասարակշռված հարաբերություններ պահպանել: Բայց մեծագույն ուշադրություն պետք է դարձնել Ռուսաստանի հետ համագործակցությանը, քանի որ առանց այդ համագործակցության տարածաշրջանում ոչինչ չի ստացվի»,ասաց նա:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի տեքստի  շուրջ աշխատող հանձնաժողովի ստեղծման մասին Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ Քեռյանն ասաց, որ կարող է ստեղծվել ինչ-որ հանձնաժողով, պայմանագրի նախագիծ, բայց նմանատիպ հանձնաժողովները սովորաբար սկսում են գործել, երբ ուղղակի պետությունները չեն կարողանում որոշակի քայլեր անել խնդիրների լուծման համար:

«Ադրբեջանի ցանկությունները մենք գիտենք. վերականգնել տարածքային ամբողջականությունն այնպես, որ ԼՂ կազմավորում չլինի, ցրվեն զինված ուժերը»,-նշեց քաղաքագետը` հավելելով, որ հանդիպումից հետո Ադրբեջանում պահվող գերիների վերադարձ հնարավոր համարում է  մեծ զիջումների դիմաց, որոնք կհանգեցնեն լուրջ ներքաղաքական գործընթացների:

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով էլ` եռակողմ  հանդիպման ընթացքում Ադրբեջանը կշարունակի շեշտը դնել իր պահանջների վրա: «Առաջինը պաշտպանության բանակի կազմացրումն է, երկրորդը՝ Ադրբեջանի պատկերացրած պայմաններով միջանցքի ստացման գոնե ժամկետների հստակեցումը, իսկ ադրբեջանական պայմաններն են՝ անցում առանց անձնագրային և սահմանային հսկողության: Ըստ երևույթին, եթե հայկական կողմը շարունակի մերժել այդ պահանջները, շարունակի պնդել, որ Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անցնելիս պետք է գործեն թե՛ անձնագրային, և թե՛մաքսային վերահսկողություն, ապա Ալիևը կսպառնա, որ այդ դեպքում ինքը Հայաստան-Արցախ նոր ճանապարհին ադրբեջանական անցակետեր կտեղադրի»,-ասաց նա:

Պողոսյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է խնդիրները ռազմական էսկալացիայի ճանապարհով լուծելու գիծը՝ որպես օրինակ բերելով Բերձորի, Աղավնոյի և Սուսի հետ կապված իրավիճակը:

«Կարծում եմ ադրբեջանական կողմը եռակողմ հանդիպման ընթացքում առաջ կքաշի ինչ-որ պահանջներ, մենք կփորձենք հակադրվել, բայց արդյունքում կլինի ինչ-որ հայտարարություն, որը, գուցե, անդրադարձ կկատարի նրան, որ կողմերը համաձայնել են ավելի ինտենսիվացնել խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները: Կողմերը ևս մեկ անգամ կվերահաստատեն իրենց նախորդ պայմանավորվածությունները` այդ թվում կոմունիկացիաների հետ կապված»,-ընդգծեց քաղաքագետը: 

https://armenpress.am/arm/news/1091290.html