Առաջարկվել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել
https://parstoday.ir/hy/news/armenia-i180878-Առաջարկվել_է_պետական_դավաճանություն_կատարելու_համար_մահապատժի_ենթարկելու_սահմանադրաիրավական_հիմքեր_ստեղծել
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2022 13:01 Asia/Tehran
  • Առաջարկվել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Արձանագրվում են պետական դավաճանության այնպիսի քստմնելի դրսևորումներ, որոնց դեպքում սոցիալական արդարության, անվտանգության ապահովման հրատապ խնդիրները հարուցում են նմանատիպ արարքներ կատարած անձանց նկատմամբ ամենախիստ պատժի՝ ընդհուպ մահապատժի կիրառման անհրաժեշտություն:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրության 76-րդ հոդվածով սահմանվում է, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու իրավունքների բնագավառում պարտավորություններից հնարավոր է շեղվել  ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Հաշվի առնելով այս իրողությունները և պետական դավաճանության դրսևորումներից ածանցվող անվտանգության սպառնալիքների մակարդակը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Արթուր Դավթյանն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետության անվտանգության և պետության կենսագործունեության հիմունքների դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորություն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը: