Փաշինյանի եւ Հայաստանի արտգործնախարարի մոտեցումներում հակասություններ կան. քաղաքագետ
Հայաստանի վարչապետի ու ԱԳ նախարարի մոտեցումներում հակասություններ կան. Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։
«Մենք եւս մեկ անգամ տեսնում ենք, որ Միրզոյանի հայտարարությունները տեղավորվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւավորված ժառանգության մեջ, ինչպես նաեւ Լավրովի եւ Պուտինի հայտարարությունների տրամաբանության մեջ՝ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգելու անհրաժեշտության մասին։ Գրեթե միշտ Բրյուսելում կամ այս ձեւաչափի հանդիպումներից հետո Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունենում Լավրովի հետ, հետո համապատասխան հայտարարություններ անում»,-ընդգծեց նա։
Փորձագետը ցավով նշեց, որ բրյուսելյան հանդիպումները բացառապես ադրբեջանական օրակարգում են։
«Եթե նախորդ հանդիպման արդյունքներով գոնե խոսվում էր Ղարաբաղի, էթնիկ հայերի մասին, ապա հիմա էլ նման բան չկա։
Փաշինյանն անդրադառնում է բանակցություններում առկա դժվարություններին, իսկ Ալիեւը պարզաբանում է՝ մատնանշելով մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման վերջնաժամկետը` ելնելով Ադրբեջանի առաջարկած հինգ կետերից։ Այնուհետեւ Միրզոյանն արձագանքում է այս խոսքերին՝ անհամաձայնություն հայտնելով։
Վարկածներից մեկի համաձայն՝ Փաշինյանն ու Միրզոյանը դա անում են համաձայնեցված, որպեսզի չնեղացնեն ո՛չ Մոսկվային, ո՛չ Արեւմուտքին։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ Միրզոյանը վարում է առանձին քաղաքականություն, որը չի համապատասխանում Փաշինյանի քաղաքականությանը, որը անձամբ չի ցանկացել Միրզոյանին նշանակել արտգործնախարարի պաշտոնում։ Նա ուրիշ թեկնածու ուներ»,-հավելեց Մաթեւոսյանը։
Փորձագետի խոսքով՝ Փաշինյանի թիմում տարբեր մոտեցումներ կան խաղաղության պայմանագրի, Արցախի ու Հայաստանի ապագայի, տարածաշրջանային անվտանգության հարցում։ Նրանց թվում կան նույնիսկ մարդիկ, որոնք հասկանում են ընդդիմության գործողությունների տրամաբանությունը։
«Քանի դեռ Հայաստանում տեղի չեն ունեցել քաղաքական փոփոխություններ, մենք մշտապես բախվելու ենք տարածքային եւ մարդկային կորուստների, ինքնիշխանության մակարդակի նվազման վտանգի։ Հայաստանի իշխանություններն իրենց էությամբ հակահեղափոխական են, քանի որ հեղափոխության գաղափարը երկրի ինքնիշխանության մակարդակի բարձրացումն էր, եւ իշխանությունները հետեւողականորեն նվազեցնում են այն»,-եզրափակեց քաղաքագետը։
news.am