Իրանապատում. Այցելություն Իրան՝ որպես երախտագիտության պարտքի փոխհատուցում
Վերջերս Իրան այցելած զբոսաշրջիկներից Խոսրով Խլղաթյանը, վերադարձին սկսել է «Իրանապատում» անունով պատմությունների շարք, որտեղ մանրամասն ներկայացրել է այցի ընթացքը:
Խոսրով Ռազմիկի Խլղաթյանը 2008 թվականից մինչ այժմ խմբագրում է «Գեղամա աշխարհ» մարզային թերթը։ Համատեղությամբ աշխատում է Արմենպրես լրատվական գործակալությունում։ Հեղինակել է «Հոգու հայրենիքը» բանաստեղծությունների, պոեմների և պատմվածքների ժողովածուն։ Տեղական եւ հանրապետական մամուլում հրատարակել է բազմաթիվ գրականագիտական, հրապարակախոսական, հայրենագիտական հոդվածներ, բանաստեղծություններ։
Ստորև ներկայացնում ենք «Իրանապատում» անունով պատմությունների շարքի առաջին պատմությունը
«Օգոստոսի 20-ից մինչեւ 28-ի երեկոյան բարեբախտություն ունեցա՝ ծանոթանալու Իրանի պատմության ու մշակույթի մի բացառիկ մասին, իրանահայ կյանքին ու նրա թողած պատմաշակութային ժառանգությանը։ Ինձ համար այդ ուղեւորությամբ բացահայտվեց մի աշխարհ, որը հոգու հարստության անվերջանալի աղբյուր է, անընդհատ ոգեշնչվելու հնարավորություն։
Իրանի մասին կարդացածս գրքերը տեսածիս համեմատ գրեթե քիչ բան են ասում, մինչդեռ կենդանի շփումն այդ հոգեւոր հզոր արժեքների հետ բացեցին ճանաչողության, խորհելու, որոնելու, ստեղծագործելու անսահման հորիզոններ։
Ինչո՞վ արդյոք ինձ գրավեց Իրանը։ Նախ այն հանգամանքով, որ Հայաստանի անկախացումից ի վեր մեր անմիջական հարեւանների մեջ այն մնաց միակ ու բացառիկ երկիրը, որը մեզ համար ոչ միայն սպառնալիք չստեղծեց, մեզ վրա դուռ չփակեց, այլ միշտ պարզած պահեց իր բարեկամական ձեռքը։ Եվ Իրանն այն երկիրն է, որ Հայաստանի հետ ընդհանուր ճանապարհ է անցել հեռավոր հազարամյակների խորքից՝ լեզվական, հոգեւոր ու պատմական ճանապարհ, որ այստեղ հայ անունը նշանակում է հարգանք ու ակնածանք։
Այդ պատճառով էլ այս այցը համարեցի նպատակ՝ որպես երախտագիտության պարտքի փոխհատուցում, որպես ուխտագնացություն հայկական ու իրանական սրբավայրեր։
Իսկ նպատակս իրականացավ «Ժորժի հետ բացահայտենք Իրանը» զբոսաշրջային նախաձեռնության հեղինակ Ժորժ Աբրահամյանի ջանքերի շնորհիվ։ Այս դեպքում էլ, բարեբախտորեն, ես հանդիպեցի մի ոգեղեն ու զարմանահրաշ հայի, որից կարելի է հոգեւոր անվերջանալի հարստություն ստանալ։ Իննօրյա ճամփորդության ընթացքում նա պարզապես փայլեց իր մարդկային ու մասնագիտական որակներով, իր մտքի անսահման թռիչքներով, պատմագիտական խորը գիտելիքներով, հայրենասիրությամբ ու մարդասիրությամբ, բարի բնավորությամբ, ուղղամտությամբ ու ազնվությամբ։ Ամբողջ ճանապարհին մեր խումբը վայելեց Ժորժի երաժշտական բացառիկ տաղանդը եւ սքանչելի կատարումները, զվարճալի պատմությունները, ոգեւորող տրամադրությունը։
Ժորժը նաեւ հիանալի պատմող է։ Անհնար է կտրվել նրա բառերից ու մտքերից, երբ ներկայացնում է տվյալ պատմության հուշարձանը կամ մշակութային կոթողը։ Ամենայն մանրամասնությամբ, որպես քայլող հանրագիտարան, նա հետաքրքասերների համար բացում է հուշարձանների գաղտնի էջերը եւ հմտորեն մատուցում ունկնդիրներին։ Որքան փայլուն տիրապետում է հայերենին, նույնքան անթերի՝ պարսկերենին։ Այս անձնավորությունն ասես ոգեղեն ու ամուր կամուրջ է հայ-իրանական բարեկամության, Հայաստանի եւ Իրանի բազմադարյան պատմության միջեւ։
Մեր խումբը, բաղկացած երեսուն հոգուց, Իրան է եկել նույն այն նպատակով, ինչը որ ընդգծեցի վերեւում։ Բոլորը կրթված մարդիկ են, մանկավարժության, առողջապահության, արվեստի, գիտության ու մշակույթի ոլորտներում աչքի ընկած մարդիկ, ովքեր, իրոք, ուխտավորի պես, ուխտագնացի սիրով անցկացրին այս անկրկնելի ճամփորդությունը։ Նրանց մի մասը նույնիսկ եկել էին ընտանյոք։
Օգոստոսի 20-ի առավոտյան մենք անցնում ենք Արարատյան դաշտով։ Սքանչելի է Արարատյան դաշտի առավոտը, Մասիսների տեսքը՝ առավել քան պարզ ու վեհ։ Արարատյան դաշտավայրը ճչում է առատ բերքի տակ։ Հետո մտնում ենք Վայոց Ձոր եւ Սյունիք։
Նույն օրվա երեկոյան մենք հատեցինք Մեղրիի անցակետը եւ մտանք Իրանի հող։
1․ Խոջա Նազարի քարավանատունն ու փողոցը
Խոջա Նազարը իրանահայ ամենաերևելի այրերից մեկն է, Շահ Աբբասի վստահելի եւ պատվելի մարդկանցից մեկը, ով հասել է պալատական աստիճանի, ստացել Քալանթարի պատվավոր տիտղոս, քանի որ մեծ դեր է խաղացել Իրանի առեւտրատնտեսական զարգացման ոլորտում։ Այդ Խոջա Նազարն է համոզել Շահ Աբբաս արքային` Իրանի տարբեր կողմերում, գլխավոր ճանապարհների վրա, քարավանատներ կառուցել` երկրի առեւտուրն ու տնտեսությունը զարգացնելու համար։ Ի նշան երախտագիտության` Իրանի կառավարությունը Սպահանի Նոր Ջուղա թաղամասի փողոցներից մեկը կոչել է Խոջա Նազարի անունով։ Ավելին, Արաքսի ափին, Ջուլֆա քաղաքին մոտիկ, պետական հոգածությամբ Խոջա Նազարի միջոցներով կառուցված քարավանատունը վերածվել է թանգարանի, իսկ քարավանատան մուտքի մոտ կերտվել է մի սքանչելի հուշարձան` ուղտերի քարավանով, որին առջեւից ուղեկցում է Խոջա Նազարը։ Հուշարձանախումբն առաջին իսկ ակնթարթից տպավորվում ու կլանում է դիտողին։ Աչքերիդ դեմ ասես հառնում են հեռավոր դարերը, երբ առեւտրական քարավանները արեւելքից գնում էին արեւմուտք եւ հակառակը, երբ կյանքը հոսում էր իր զարմանալի ու տարօրինակ հունով։ Բայց առավել հուզիչ է այն, որ բազմամարդ Իրանում գտնվել է մի հայ, ով իր տաղանդով ու շնորհքով կարողացել է շահել պարսից շահի սիրտը եւ բարձրանալ Քալանթարի աստիճանի, բարձրանալ ու հավերժանալ նաեւ դարերի մեջ, Իրանի ժողովրդի սրտում։ Այս ուղեւորության ընթացքում մենք Խոջա Նազարի պատկերը եւս երկու տեղով տեսանք Սպահան քաղաքում, Շահ Աբասի Հաշթ Բեհեշթ ամառային պալատի ներսի որմնանկարներում, այն պատկերներում, որտեղ գտնվում է նաեւ Շահ Աբբասը։ Փառք Խոջա Նազարին, հազար փառք։
2․ Հովվի մատուռը Արաքսի ջրերի հետ հաղորդակցությունը
Հովվի մատուռը կառուցվել է 13-րդ դարում, Իրանի հյուսիսում, Արաքս գետի իրանական ափին, որը սահմանակից է Նախիջեւանի ինքնավար Հանրապետությանը։
Ավանդույթի համաձայն` եկեղեցին կառուցել են երկու եղբայրներ, ովքեր զբաղվել են հովվությամբ։ Մի եկեղեցին կառուցվել է Արաքսի արեւմտյան, մյուսը`արեւելյան ափին։ Արեւմտյան ափի եկեղեցին ամենայն խնամքով ու Իրանի պետական հոգածությամբ պահպանվել է։ Ահա թե ինչով է մեր ազգի համար կարեւոր նշանակություն, բարեկամական արժեք ձեռք բերում իրանցի ժողովուրդը, Իրան պետությունը։ Հովվի եկեղեցուց քիչ այն կողմ, ուղիղ Արաքսի ափին, հին հայկական Դարաշամբ գյուղի ավերակներն են։ Ինչպես մեզ բացատրում է Ժորժը՝ այս գյուղը եւս հիմնադրվել է Շահ Աբբասի ժամանակներից եւ լքվել է ժամանակի ընթացքում, սակայն Իրանի կառավարությունը այն պահպանում է որպես մշակութային արժեք։
Դարաշամբի հարեւանությամբ, հարավային հատվածում, պահպանվում են հայկական տապանաքարեր եւ եկեղեցու պատերի ավերակներ, որոնք եւս ընդգրկված են Իրանի կառավարության կողմից նախատեսված վերականգնման եւ պահպանության ծրագրերում։ Դարաշամբից ձգվող երկու ճանապարհներն էլ պետական հոգածությամբ կառուցվել են հատուկ հայկական Սուրբ Ստեփանոս նախավկայի եւ Սուրբ Թադեւոս վանքեր հասնելու համար։
Ժորժի առաջնորդությամբ մտնում ենք Արաքսի ջրերի մեջ, թրջում մեր ոտքերը, զմայլվում Արաքսի կոհակներով։ Դժվար էր երեւակայել, որ օրերից մի օր կլինի այնպիսի բարեբախտություն, որ մեզնից յուրաքանչյուրին հնարավորություն կտրվի՝ հաղորդակցվելու Մայր Արաքսի սուրբ ջրերին, այն էլ՝ նրա արեւմտյան ափից։
Հանկարծ Ժորժ Աբրահամյանը հզոր ձայնով տարածում է Արաքսի ջրերի վրա «Մայր Արաքսի ափերով» երգը։ Ինձ այնպես է թվում, թե Արաքսը կոհակ առ կոհակ ըմբոշխնում է ոգեղեն հայի ձայնը եւ նրա երգի ամեն մի նոտան անհագ քաղցով կլանում։ Ասես հայտնված լինենք երջանկության գուրգուրող թեւերի վրա»։
Խոսրով Խլղաթյան
/Շարունակելի/