«Դիմադրություն» շարժումը կշարունակի պայքարել Հայաստանում իշխանափոխության համար. Սաղաթելյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i181720-Դիմադրություն_շարժումը_կշարունակի_պայքարել_Հայաստանում_իշխանափոխության_համար._Սաղաթելյան
«Դիմադրություն» շարժումը շարունակելու է ձգտել հասնել իշխանափոխության։ Այս մասին հանրային քննարկումների ժամանակ հայտարարեց շարժման համակարգող, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2022 09:15 Asia/Tehran
  • «Դիմադրություն» շարժումը կշարունակի պայքարել Հայաստանում իշխանափոխության համար. Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումը շարունակելու է ձգտել հասնել իշխանափոխության։ Այս մասին հանրային քննարկումների ժամանակ հայտարարեց շարժման համակարգող, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում սեպտեմբերի 12-ին մեկնարկած խորհրդարանի աշնանային նստաշրջանին` նախկինի պես բոյկոտելով նիստերը: Փոխարենը նրանք փաստացի հայտարարեցին քաղաքական պայքարի նոր ձևաչափի` տարբեր հասարակական– քաղաքական ուժերի ներգրավմամբ հանրային քննարկումներ սկսելու մասին։

Ելույթ ունենալով այդ ձևաչափով առաջին քննարկման ընթացքում` Սաղաթելյանը նշեց, որ առաջնային և իրական օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության և անկախության ապահովումն է։ Խորհրդարանը, նրա կարծիքով, ունակ չէ հաղթահարել այդ խնդիրը։

«Մենք մեր քաղաքացիներից մանդատ ենք ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար: ՀՀ օրվա իշխանությունները և նրա կցորդ ԱԺ մեծամասնությունը չեն սպասարկում այդ օրակարգը, նոր սպառնալիքներ են ստեղծում մեզ համար»,-ասաց Սաղաթելյանը:

Քաղաքական գործիչը իշխանություններին մեղադրեց Հադրութն ու Շուշին վերադարձնելու խոստումը չկատարելու համար։ Նա Հայաստանը համեմատեց նավի, իսկ նրա ղեկավարությանը նավապետի հետ, որը նավը տանում է կործանման։

Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր ուժերի հիմնական խնդիրը մնում է նոր կառավարության ձևավորումը և երկրի փրկության ծրագրի ստեղծումը։ Նրա համոզմամբ` «Դիմադրություն» շարժումը ստեղծված իրավիճակից դուրս գալու գաղափարների քննարկման հարթակ է դարձել:

Սաղաթելյանի խոսքով` վերջին ամիսներին շարժմանը հաջողվել է համոզել միջազգային հանրությանը, որ իշխանությունները մանդատ չունեն նոր զիջումների կամ խաղաղության պատրվակով նոր կապիտուլյացիա ստորագրելու համար։

Հիշեցնենք, որ մայիս և հունիս ամիսներին շարժումը պարբերաբար հանրահավաքներ, երթեր և անհնազանդության ակցիաներ էր անցկացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

armeniasputnik.am