Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում խոսել է Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i182924-Արմեն_Գրիգորյանը_Վաշինգտոնում_խոսել_է_Ադրբեջանի_ձեռնարկած_լայնածավալ_ագրեսիայի_մասին
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները, տեղեկանում ենք ԱԽ գրասենյակից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2022 14:48 Asia/Tehran
  • Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում խոսել է Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները, տեղեկանում ենք ԱԽ գրասենյակից։

Գրիգորյանը հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, «Քարնեգի» հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ:

«Մատնանշել եմ, որ նման քայլով Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը: Այս ամենին զուգահեռ ընդգծել եմ Երևանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:

Հանդիպմանը քննարկել են նաև հայ-ամերիկյան համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպիսին է տնտեսական համագործակցությունը:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։

Հավելենք, որ 2 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, և սկսվեց 44-օրյա պատերազմը։ ՀՀ քննչական կոմիտեն 2022–ի մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

armeniasputnik.am