Ի՞նչ են պայմանավորվել Էրդողանն ու Փաշինյանը Պրահայում. Չավուշօղլուն փակագծեր է բացել
https://parstoday.ir/hy/news/armenia-i184386-Ի_նչ_են_պայմանավորվել_Էրդողանն_ու_Փաշինյանը_Պրահայում._Չավուշօղլուն_փակագծեր_է_բացել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներ անցկացնել Թուրքիայի և Հայաստանի տարածքներում: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 14, 2022 14:22 Asia/Tehran
  • Ի՞նչ են պայմանավորվել Էրդողանն ու Փաշինյանը Պրահայում. Չավուշօղլուն փակագծեր է բացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներ անցկացնել Թուրքիայի և Հայաստանի տարածքներում: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

«Կարգավորման շուրջ մեր չորս հանդիպումները, ցավոք, տեղի են ունեցել երրորդ երկրներում։ Պրահայում մեր նախագահի և Փաշինյանի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումներ անցկացնել Թուրքիայի և Հայաստանի տարածքներում»,- ասել է Չավուշօղլուն ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։

armeniasputnik.am