Թուրքիայի մեսիջը Հայաստանին. Եթե չտրամադրեք «Զանգեզուրի միջանցքը», ձեր վրա կզգաք «Եղբայրական բռունցքը»
https://parstoday.ir/hy/news/armenia-i188542-Թուրքիայի_մեսիջը_Հայաստանին._Եթե_չտրամադրեք_Զանգեզուրի_միջանցքը_ձեր_վրա_կզգաք_Եղբայրական_բռունցքը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ հնչեցրել է «խաղաղության» թուրքական ընկալումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2022 13:05 Asia/Tehran
  •  Թուրքիայի մեսիջը Հայաստանին. Եթե չտրամադրեք «Զանգեզուրի միջանցքը», ձեր վրա կզգաք «Եղբայրական բռունցքը»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ հնչեցրել է «խաղաղության» թուրքական ընկալումը։

«Թուրքիայի կամ Ադրբեջանի հասցեին ցանկացած սպառնալիք կամ սադրանք՝ անկախ դրա աղբյուրից, կճանաչվի որպես ընդհանուր մարտահրավեր եղբայրական երկրներին»-ասել է նա՝ դիմելով թուրք-ադրբեջանական «Եղբայրական բռունցք» զորավարժությունների մասնակիցներին, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Աքարն անուղղակիորեն հաստատել է Անկարայի մասնակցությունը Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ «Միջազգային հանրությունը ականատես եղավ մեր միասնականությանը 44-օրյա պատերազմի ժամանակ, որի արդյունքում հայկական բազմամյա օկուպացիայից ազատագրվեցին Ադրբեջանի պատմական հողերը: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Նա կոչ է արել փակել տարածաշրջանում հակասությունների եւ ատելության էջը, սկսել ընդհանուր ապագա կառուցել միջազգային իրավունքի նորմերի հարգման հիման վրա: «Անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի եւ Ադրբեջանի խաղաղության ձեռքը»,-ասել է նա եւ նշել Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման կարեւորությունը։

Փաստացի Աքարը խաղաղության կոչ անելու քողի տակ հերթական սպառնալիքն է հնչեցնում Հայաստանի հասցեին՝ «Եթե չտրամադրեք «Զանգեզուրի միջանցքը», ձեր վրա կզգաք «Եղբայրական բռունցքը»»։