ՀՀ–ում ԵՄ դիտորդները կարող են աշխարհաքաղաքական դիմակայություն մտցնել տարածաշրջան. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i192096-ՀՀ_ում_ԵՄ_դիտորդները_կարող_են_աշխարհաքաղաքական_դիմակայություն_մտցնել_տարածաշրջան._ՌԴ_ԱԳՆ
Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2023 14:20 Asia/Tehran
  • ՀՀ–ում ԵՄ դիտորդները կարող են աշխարհաքաղաքական դիմակայություն մտցնել տարածաշրջան. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։

Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ ՌԴ ԱԳՆ–ն ընդգծում է, որ Անդրկովկասում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին ու խաղաղությունը տարածաշրջան վերադարձնելուն։

«Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված, ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Չպետք է նաև մոլորության մեջ գցի ԵՄ - ի առաքելության հայտարարած քաղաքացիական բնույթը. այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ-ի ընդհանուր քաղաքականության շրջանակներում ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ–ում համոզված են, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն են մնում «ռուսական խաղաղապահ զորակազմը, որը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության հիման վրա, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները»։

«Նրանք կարձագանքեն ԵՄ-ի դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը», - հավելել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

ՌԴ ԱԳՆ-ում արձանագրում են, որ Երևանում տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը` նախընտրել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե Հայաստանի դաշնակիցները պահպանեն հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում, այն կարող է օպերատիվ առաքելություն ծավալել Հայաստանում։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտնել էր, որ Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել նոր առաքելություն, որը կունենա մինչև 100 դիտորդ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել էր Եվրամիության կողմից ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը: Նրա կարծիքով ՝ այդ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ հաշվի է առնում Եվրամիության որոշումը և հույս ունի, որ այդ առաքելության գործունեության իրականացումը չի խաթարի փոխադարձ վստահությունը:

armeniasputnik.am