Վահան Քերոբյանը Դուբայում ներկայացրել է «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայում Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում ներկայացրել ՀՀ Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը։ Նախարարն այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Շեշտել եմ, որ արդյունաբերական այս պարկի ստեղծմամբ Գյումրիում կկենտրոնանան խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ»,– գրել է Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը խոսել է նաև Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների հնարավորությունների և գործարար միջավայրի համար ստեղծված բարենպաստ պայմանների մասին:
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «Չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։
Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։
armeniasputnik.am