Մայիսի 25-ին Պուտին–Փաշինյան–Ալիև եռակողմ հանդիպում կկայանա Մոսկվայում
https://parstoday.ir/hy/news/armenia-i199712-Մայիսի_25_ին_Պուտին_Փաշինյան_Ալիև_եռակողմ_հանդիպում_կկայանա_Մոսկվայում
Մայիսի 25-ին Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2023 13:49 Asia/Tehran
  • Մայիսի 25-ին Պուտին–Փաշինյան–Ալիև եռակողմ հանդիպում կկայանա Մոսկվայում

Մայիսի 25-ին Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Այսօր ՀՀ կառավարության նիստում այդ մասին հայտարարեց Փաշինյանը` խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով կայանալիք հանդիպման մասին, որը նախանշված է մայիսի 19-ին ՌԴ–ում։

«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ` ՌԴ նախագահի միջնորդությամբ, բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն մեկնել է Մոսկվա։

Վարչապետի խոսքով` հունիսի 1-ին Քիշնևում նախանշված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում Եվրոպական համայնքի 2-րդ գագաթաժողովի շրջանակում։ Նման հնգակողմ հանդիպում է նախատեսված նաև հոկտեմբերին Գրանադայում։

«Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։

Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր:

armeniasputnik.am