ՀՀ ՊՆ–ն հայտնել է ադրբեջանցիների առևանգած 2 զինծառայողների անունները
Ադրբեջանցիների կողմից մայիսի 26–ին առևանգված 2 զինծառայողների անունները հայտնի են։ Նրանք են` Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին:
Հաշվի առնելով, որ առկա են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերի, 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ ծավալուն միջոցառումներ՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից սահմանն ապօրինի հատելու և զինծառայողների առևանգման հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ»:
Զինծառայողներին որոնում են մայիսի 26-ի ժամը 19:00-ից սկսած։
«Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,–նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` երեկ` մայիսի 26–ին, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները, ապա նաև Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն էին տարածել, որ ձերբակալել են երկու հայ զինվորականի: Ընդ որում, ադրբեջանական կողմը հայտարարում է «դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի» մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր դիվերսիոն ներթափանցման մասին լուրերը:
armeniasputnik.am