Ադրբեջանը պատրաստվում է․ ստեղծվելիք իրավիճակի աշխարհաքաղաքական պատասխանատուներն Արևմուտքում են
https://parstoday.ir/hy/news/armenia-i201242-Ադրբեջանը_պատրաստվում_է_ստեղծվելիք_իրավիճակի_աշխարհաքաղաքական_պատասխանատուներն_Արևմուտքում_են
Այս օրերին ևս ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը, հնչեցնում ապատեղեկատվություն, բարձրաստիճան զինվորականի կողմից հրապարակային սպառնալիք, սակայն ԵՄ-ն, որը ներկայումս հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցությունների գլխավոր միջնորդն է, որը ներկայումս ձգտում է ռեգիոնում էլ ավելի մեծ ազդեցության՝ ՌԴ ազդեցության փոխարեն, որը տեղում՝ սահմանին, տիրապետում է իրավիճակին, որևէ կերպ չի անդրադառնում իրավիճակին, որը սովորաբար վերաճում է ավելի լայնամասշտաբ սադրանքի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2023 04:58 Asia/Tehran
  • Ադրբեջանը պատրաստվում է․ ստեղծվելիք իրավիճակի աշխարհաքաղաքական պատասխանատուներն Արևմուտքում են

Այս օրերին ևս ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը, հնչեցնում ապատեղեկատվություն, բարձրաստիճան զինվորականի կողմից հրապարակային սպառնալիք, սակայն ԵՄ-ն, որը ներկայումս հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցությունների գլխավոր միջնորդն է, որը ներկայումս ձգտում է ռեգիոնում էլ ավելի մեծ ազդեցության՝ ՌԴ ազդեցության փոխարեն, որը տեղում՝ սահմանին, տիրապետում է իրավիճակին, որևէ կերպ չի անդրադառնում իրավիճակին, որը սովորաբար վերաճում է ավելի լայնամասշտաբ սադրանքի։

Այս դեպքում և՞ս ՀՀ իշխանությունները պատասխանատվությունը գցելու են Ռուսաստանի վրա, փորձելով ամեն կերպ արդարացնել եվրոպական կողմին։ ԵՄ-ն, որը ռեգիոնում Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների հաշվին նոր ազդեցություն է ստացել և պատրաստվում է այն ընդլայնել, պատասխանատու չի՞ լինելու արդյոք ՀՀ-ի շուրջ ստեղծվող իրավիճակի և ՀՀ անվտանգային խնդիրների համար։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը մեզ հետ զրույցում ասաց, որ, ինչպես և կարելի էր կանխատեսել, ԵՄ դիտորդների տեղակայումը որևէ անվտանգային հարց Հայաստանի համար չի լուծել։

«Եթե խոսենք ԵՄ-ի համար աշխարհաքաղաքական հարցի մասին, ապա ԵՄ-ն իր համար նման հարց լուծել է, բայց ոչ Հայաստանը։ Ադրբեջանը, այո, գործում է ստանդարտ սցենարով, բայց այսօր հնարավոր նոր սադրանքներն ունենալու են աշխարհաքաղաքական ավելի լայն պատասխանատուներ ու իրավիճակի հասցեատերեր, քանի որ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը՝ որպես այս իրավիճակի ուղիղ պատասխանատու, այլևս չկա, չի դիտարկվում, Հայաստանը հանել է այդ պատասխանատվությունը, անձամբ ստանձնելով և Արևմուտքի վրա դնելով պատասխանատվություն։ Հայաստանում նույնիսկ խոսում են ՀԱՊԿ-ը լքելու մասին։ Արևմուտքում շատ լավ են հասկանում իրավիճակը, սակայն, ինչպես մշտապես ասում եմ, Արևմուտքի համար Ադրբեջանն արժեքավոր գործընկեր է դարձել։ Ադրբեջանն իր կշիռը հասկանում է և այն կարողանում լավ խաղարկել։ Ցանկացած հասցեական հայտարարություն ի վնաս Ադրբեջանի՝ խնդիր է լինելու ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում, և ԵՄ-ն ակնհայտորեն դրանից խուսափում է։

Հայաստանն ինքն է հրավիրել այս առաքելությանը, ՀՀ-ն ինքն է բարձրացրել աշխարհաքաղաքական մրցակցությունը հայ-ադրբեջանական և Ղարաբաղյան հակամարտության գոտում, թե դա ինչ օգուտ է բերել ՀՀ-ին, պետք է գնահատեն ՀՀ-ում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ըստ նրա, եթե ԵՄ-ն պատրաստվում է առաքելության ընդլայնման ՀՀ տարածքում, նշանակում է, որ ՀՀ-ում գոհ են այդ առաքելության գործունեությունից, թեև այն անվտանգային ակնառու արդյունքներ չի ապահովում Հայաստանի համար և միայն զեկույցներ կազմելով ու ԵՄ ուղարկելով է զբաղված։

«Ես կարծում եմ, որ նույնիսկ դրական է, որ այս փուլում ՀԱՊԿ-ի նախաձեռնությունները մերժվել են, և իրավիճակն ունի հստակ հասցեատերեր, և այդ ցանկում ՌԴ-ի դերը նվազագույն է կամ նույնիսկ չկա։ Ռեգիոնում պետք է համոզվեն, թե ինչի են ունակ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, քանի որ Ռուսաստանին միշտ շատ են մեղադրել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, ապա, վերլուծաբանի համոզմամբ, Ադրբեջանը գործում է իր սցենարներով և կարողանում է դրանք առաջ մղել։

«Երբ հարմար է՝ բանակցում է, երբ չի ցանկանում՝ չի բանակցում, չի ենթարկվում արտաքին ճնշումների։ Ինչպես նախկինում է դիմել սադրանքների, այսօր էլ կարող է դիմել, քանի որ որևէ միջնորդ իր անմիջական շահերը չի պատրաստվում վտանգել»,- նկատեց նա։