Հայաստանի ԱՍՀ նախարարը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i201306-Հայաստանի_ԱՍՀ_նախարարը_հանդիպել_է_Իրանի_դեսպանի_հետ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ, ով առաջիկայում կդադարեցնի իր լիազորությունները ՀՀ-ում։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունիս 13, 2023 14:26 Asia/Tehran
  • Հայաստանի ԱՍՀ նախարարը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ, ով առաջիկայում կդադարեցնի իր լիազորությունները ՀՀ-ում։

Ինչպես  տեղեկանում ենք  ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ոլորտային hամագործակցությունը կայուն զարգացում է ունեցել՝ վերջին շրջանում առավել ընդլայնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները։

Խոսելով ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ Ժնևում օրեր առաջ ունեցած հանդիպման մասին՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և նշել, որ Իրանի գործընկերոջ հետ քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը, վերապատրաստումների իրականացմանը, ինչպես նաև նախատեսվող հուշագրերի կնքման ժամկետներին, գործողությունների պլանին առնչվող հարցեր։ 

Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը՝ շարունակել իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ նաև Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի՝ փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկված թեմաների շուրջ։

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի խոսքով՝ իրանական կողմը ևս հետամուտ է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները սեղմ ժամկետներում կյանքի կոչվեն։