Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումները շարունակվում են
2020 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև 44-օրյա պատերազմից հետո երկու երկրները Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել։ Չնայած հրադադարի համաձայնագրի ստորագրմանը, երկու երկրների հարաբերություններում դեռ լարվածություն է տիրում, և նրանք միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
Ադրբեջանի ԶՈՒ-ն հունիսի 15-ին ժամը 15:10-ին Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ հայկական կողմում տուժածներ չկան:
«Այսօր նաև Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող՝ Արթուր Արմենի Ազրոյանը»:
Երեկ ադրբեջանական կողմը 10-15 րոպե կրակել է կառուցվող գործարանի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը թիրախավորել է մետալուրգիական գործարանը և չի ուզում, որպեսզի այն կառուցվի.ասել է՝ Արարատի մարզի Երասխ վարչական շրջանի ղեկավար Սարո Այվազյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հայտարարել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։
Հունիսի 12-ին դարձյալ Ադրբեջանը կրակ էր բացել Երասխի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։
«Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի նկատմամբ համարժեք ու նպատակաուղղված միջոցների բացակայությունը կարող է նոր ագրեսիաների պատճառ դառնալ ժողովրդավարական Հայաստանի դեմ», նշել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր Twitter–ի էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Երասխի ուղղությամբ կրակելու դեպքին, ինչի հետևանքով նաև քաղաքացիական ավտոմեքենա ու ենթակառուցվածք են վնասվել։
Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ։
«Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցներն ու ուղղակի կոչերը՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից»,- գրել է Մարուքյանը Twitter–ի իր էջում։