ՀՀ ֆինանսների նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, Վահե Հովհաննիսյանը կարևորել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել դեսպան Զոհուրիին հետագա գործունեության մեջ:
Դեսպան Զոհուրին գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է իր լավագույն ջանքերը հարաբերությունների խորացման և զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության շարունակականության ապահովման հարցում: