Հայ-ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական
https://parstoday.ir/hy/news/armenia-i205624-Հայ_ամերիկյան_զորավարժություններին_կմասնակցի_85_ամերիկացի_ու_175_հայաստանցի_զինվորական
Հայաստանում անցկացվելիք «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 13:52 Asia/Tehran
  • Հայ-ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական

Հայաստանում անցկացվելիք «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տեղեկությունը «Reuters» լրատվական գործակալությանը փոխանցել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակը։

Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականների կազմում է լինելու նաև Կանզասի ազգային գվարդիան, որն արդեն 20 տարի համագործակցում է Հայաստանի հետ։ Զորավարժությունների ընթացքում ամերիկացի զինվորականները կօգտագործեն հրաձգային զինատեսակներ և չեն կիրառի ծանր զինտեխնիկա։

Ավելի վաղ, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Նշվում է, որ այն կանցկացվի Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և Պաշտպանության նախարարության N ուսումնական կենտրոնում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ Կարողությունների Հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար։

armenpress.am