Ինչի՞ համար էր պետք Իսրայելին Ադրբեջանի հաղթանակը. Լևոն Զուրաբյանի պարզաբանումը
Ադրբեջանը էներգետիկ ոլորտում Արևմուտքի տնտեսական լուրջ գործընկերն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Ադրբեջանից նավթի արտահանումը զգալիորեն աճել է։ Դա պայմանավորված է նրանով, որ Բաքուն նավթ է գնում Ռուսաստանից, իսկ սեփականը վաճառում արտասահմանում։ Եվրոպան էներգակիրների հարցում 5 տոկոսով կախված է Ադրբեջանից, ինչը շատ լուրջ և կարևոր զսպող գործոն է պատժամիջոցների կիրառման հարցում»,- ընդգծել է նա։
Բայց ամենագլխավոր խնդիրը Իսրայելն է, կարծում է Զուրաբյանը։
«Իսրայելը հայկական կողմի նկատմամբ Ադրբեջանի ռազմական հաղթանակի ճարտարապետն է։ 2016-ից 2020 թվականներին Ադրբեջանի գնած զենքի 70%-ը եկել է Իսրայելից։ Ընդհանուր առմամբ, ամենաժամանակակից զինատեսակներով 92 չվերթ է իրականացվել դեպի Բաքու։
Իսրայելը «Երկաթե գմբեթ» համակարգը տրամադրել է միայն Ադրբեջանին, ուրիշ ոչ մեկին։ Ինչո՞ւ։ Որովհետև այս համակարգը պետք է պաշտպաներ Մինգեչաուրը 44-օրյա պատերազմի ժամանակ իրականացված հարվածներից, բայց այդ հարվածները չհասան թիրախին։
Բացի այդ, Իսրայելը տրամադրել է անօդաչու թռչող սարքեր, Հայաստանի ճշգրիտ թվային քարտեզներ և «Լորա» բարձր ճշգրտության հրթիռներ։
Այսինքն՝ տրամադրվել է օգնություն, որը կերաշխավորեր Ադրբեջանի հաղթանակը։ Մինչև սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, Բաքուն մեկ ամսվա ընթացքում կրկին զենք էր ստանում Իսրայելից։
Բայց Իսրայելի ինչի՞ն էր պետք Ադրբեջանի հաղթանակը։ Որպեսզի Ադրբեջանը դառնա Իրանի վրա հարվածների ցատկահարթակ։
Իսրայելը հաշվարկը կատարել է ոչ միայն Իրանին Ադրբեջանի աշխարհագրական մերձավորությունից ելնելով, այլև նկատի ունենալով Իրանում բնակվող բազմամիլիոնանոց ադրբեջանցի բնակչությունը։ Արևմուտքը վաղուց է ծրագրել ներսից պայթեցնել Իրանը՝ ադրբեջանական անջատողականության իրականացմամբ»,- հավելել է քաղաքական գործիչը։
Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է հասկանալ, որ Արևմուտքը Ադրբեջանին թուլացնելու քայլեր չի ձեռնարկի։ Այս ամենը չհասկանալը Հայաստանում պատրանք է ստեղծում միջազգային իրավունքի և արդարության մասին։
Ուստի հայտարարությունների և հումանիտար օգնության հարցում Արևմուտքը քայլեր կձեռնարկի, բայց դա այն չի լինի, ինչին սպասում է Փաշինյանը, ինչը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիան Սյունիքի դեմ։