Բաքվի խորհուրդը Հնդկաստանին. Դադարեցրեք զենք ուղարկել Հայաստան
(last modified Thu, 26 Oct 2023 12:18:02 GMT )
Հոկտեմբեր 26, 2023 15:48 Asia/Tehran
  • Բաքվի խորհուրդը Հնդկաստանին. Դադարեցրեք զենք ուղարկել Հայաստան

Ադրբեջանի վարչապետը Հնդկաստանի կառավարությանը կոչ է արել դադարեցնել զենքի առաքումը Հայաստան։

Ինչպես հաղորդում է «Ազար Նյուզ» լրատվական գործակալությունը,  Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը չորեքշաբթի օրը  Բաքվում Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պետնախարար Անուպրիա Պատելի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանին զենք վաճառելու թեմային։

Ասադովը նշել է, թե «հայկական կողմն ակտիվորեն զինվում է, ինչը լուրջ հարված է խաղաղության գործընթացին»։ 

«Մենք անհանգստացած ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար նոր սպառնալիքների ի հայտ գալով։ Մենք ողջունում ենք Հնդկաստանի հայտարարությունները մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և երկխոսության վերաբերյալ։ Բայց միևնույն ժամանակ մենք Հնդկաստանից ակնկալում ենք այդ հայտարարություններին համապատասխան քայլեր։ Ներկայիս զգայուն պահին, երբ մեծ հույսեր են կապվում խաղաղության համաձայնագրի հետ, Հայաստանին զինելը անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի վարչապետը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարը դիմել է Հնդկաստանին՝  Pinaka և այլ սպառազինություն գնելու համար: Այս համակարգը կարող է 44 վայրկյանում արձակել 12 հրթիռ: Ավելի վաղ Հնդկաստանը Հայաստանին վաճառել էր նաեւ սեփական արտադրության «Սուատի» ռադար։

2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական բանակը ծանր պարտություն կրեց Ադրբեջանի Հանրապետության բանակից, և այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանությունները փորձում են հզորացնել բանակը։

Բաքուն այն դեպքում է մտահոգ Հնդկաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերվելու կապակցությամբ, երբ  վերջին մի քանի օրերին այս երկիրը Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության համաձայնագիր է ստորագրել, ըստ որի Հայաստանը համալրվելու է ֆրանսիական արտադրության առաջադեմ ռադարային և հակահրթիռային պաշտպանության համակարգերով։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն  Փարիզում լրագրողներին տված ճեպազրույցում  ասել է, որ Հայաստանը գնելու է երեք«Ground Master 200» ռադարներ: