Ադրբեջանն ընդդեմ ամբողջ աշխարհի
https://parstoday.ir/hy/news/armenia-i208334-Ադրբեջանն_ընդդեմ_ամբողջ_աշխարհի
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը բխում է կողմերի, տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի շահերից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի թեմային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2023 16:12 Asia/Tehran
  • Ադրբեջանն ընդդեմ ամբողջ աշխարհի

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը բխում է կողմերի, տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի շահերից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի թեմային:

Մի կողմ թողնենք քաղաքական տարամետ շահերի եւ ռազմավարությունների մեծ խնդիրը,որ կա այսօր աշխարհում եւ մասնավորապես ազդում է նաեւ մեր ռեգիոնի վրա: Ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը բխում է ամբողջ աշխարհի շահերից, ՄՄՆ պետքարտուղարության խոսնակը  փաստացի ասում է, որ Ադրբեջանը գնում է ամբողջ աշխարհի դեմ: Նա այդ միտքը ուղիղ չի արտահայտում իհարկե, բայց, այստեղ կա տրամաբանության էֆեկտը՝ եթե խաղաղությունը բխում է ամբողջ աշխարհի շահերից, ուրեմն Ադրբեջանը գնում է ամբողջ աշխարհի դեմ, որովհետեւ ակնառու է, որ խաղաղությունը ամեն կերպ տորպեդահարում է Բաքուն:

Ընդ որում, Ադրբեջանը դա արել է միշտ, առնվազն սկսած այն պահից,երբ Քի Վեսթը տապալելուց հետո իշխանության եկավ Իլհամ Ալիեւն ու ձեռնմուխ եղավ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը կառուցելուն: Առ այսօր Ադրբեջանը շարունակում է այդ քաղաքականությունը, Արցախի էթնիկ զտումիցեւբռնի տեղահանումից հետո հավակնությունները մոտեցնելով Հայաստանի սահմաններին եւ վարելով Հայաստանի հանդեպ պահանջների ամրագրման քաղաքականություն: Ադրբեջանի նախագահն այդ հարցում իհարկե օգտվում է հենց այն աշխարհաքաղաքական «քաոսից», որ կա աշխարհում, սակայն դա արդեն խնդրի մյուս կողմն է: Բաքուն չի գնում խաղաղության, Բաքուն ամեն կերպ ձգտում է ստեղծել նոր փակուղի, եւ այդ ջանքն ու փորձը բավականին նկատելի է:

Հետեւաբար, խաղաղությանն ուղղված ջանքը կարող է արդյունք տալ լոկ այն պարագայում, եթե այն Ադրբեջանի համար ստեղծի շատ հստակ պատկեր՝ շարունակելով տորպեդահարել եւ փակուղի տանել խաղաղության շուրջ համաձայնության գործը, Ադրբեջանը կկանգնի կոնկրետ հետեւանքների առաջ:  Քանի դեռ Իլհամ Ալիեւը չի զգում այդ հետեւանքի տաք, թե սառը շունչը, նա չի գնալու խաղաղության, կամ խաղաղությունը շարունակելու է պատկերացնել «ամեն ինչ՝ կամ ոչինչ» տրամաբանության շրջանակում, որը երբեք որեւէ պարագայում չի կարող լինել խաղաղության բանաձեւ ոչ միայն Կովկասում, այլ որեւէ տեղ ընդհանրապես:

1in.am