Համաձայնեցվել են Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման 3 հիմնական սկզբունքները. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i208356-Համաձայնեցվել_են_Բաքվի_հետ_խաղաղության_պայմանագրի_կնքման_3_հիմնական_սկզբունքները._Փաշինյան
Համաձայնեցվել են 3 հիմնական սկզբունքները, որոնք կարող են նպաստել խաղաղության հաստատմանը եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2023 08:39 Asia/Tehran
  • Համաձայնեցվել են Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման 3 հիմնական սկզբունքները. Փաշինյան

Համաձայնեցվել են 3 հիմնական սկզբունքները, որոնք կարող են նպաստել խաղաղության հաստատմանը եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, եթե կողմերը հետեւեն այդ սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը իրական կդառնա։ «Առաջին սկզբունքն այն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ընդ որում՝ այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը կազմում է 29 800 քառակուսի կիլոմետր, իսկ Ադրբեջանինը՝ 86 600»,- ասել է Փաշինյանը։

Իսկ երկրորդ սկզբունքը, նրա խոսքով, այն է, որ Ալմաթիի հռչակագիրը, պլանի համաձայն, պետք է դառնա սահմանազատման եւ պետական սահմանի հետագա սահմանագծման քաղաքական հիմք։

Երրորդ սկզբունքը տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների բացումն է։ Դա, վարչապետի հավաստմամբ, պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավադատության եւ օրենսդրության փոխադարձ հարգման սկզբունքներով։