Բաքուն «անհիմն և ստերով լի» է որակել Արարատ Միրզոյանի՝ Փարիզում արված հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i208942-Բաքուն_անհիմն_և_ստերով_լի_է_որակել_Արարատ_Միրզոյանի_Փարիզում_արված_հայտարարությունները
Արդբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ունեցած ելույթին՝ «անհիմն» որակելով Ադրբեջանի հասցեին հնչած մեղադրանքները։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 10, 2023 08:38 Asia/Tehran
  • Բաքուն «անհիմն և ստերով լի» է որակել Արարատ Միրզոյանի՝ Փարիզում արված հայտարարությունները

Արդբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ունեցած ելույթին՝ «անհիմն» որակելով Ադրբեջանի հասցեին հնչած մեղադրանքները։

«Մենք կտրականապես մերժում ենք 2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն և ստերով լի»  մեղադրանքները», - նշել է ԱԳՆ խոսնակը։

Հաջիզադեն շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն «ինքնակամ են տեղափոխվել Հայաստան», մինչդեռ հայկական կողմը «կեղծավորաբար շարունակում է մեղադրել Ադրբեջանին էթնիկ զտումների համար, այդ կերպ չարաշահելով միջազգային տարբեր հարթակները»։

Նրա խոսքով՝ «Հայաստանի կողմից նման «անհիմն պնդումները»  ուղղակիորեն հակասում են տարածաշրջան այցելած և այս երկրում ակտիվ գործունեություն ծավալող ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների զեկույցներին ու հայտարարություններին»։

Անդրադառնալով ԼՂ-ում հայկական մշակութային ու պատմական հուշարձաններին սպառնացող վտանգի մասին ՀՀ ԱԳ նախարարի ահազանգերին՝ Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձաններն իրենց «ազգային մշակութային ժառանգությունն են և պաշտպանված են՝ անկախ իրենց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից» ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղելու Արարատ Միրզոյանի հորդորին՝ Հաջիզադեն Հայաստանին կրկին մեղադրել է ընդդեմ Ադրբեջանի «կեղծ ու զրպարտչական հռետորաբանության»  համար՝ նշելով, որ այդ կերպ Հայաստանը «խաթարում է խաղաղության համաձայնագրի հեռանկարները»:

«Հուսով ենք, որ հայկական կողմը բաց չի թողնի տարածաշրջանում խաղաղության հաստատման այս պատմական հնարավորությունը և չի խոչընդոտի տարածաշրջանային կայունության և տնտեսական կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, որից կշահի նաև իրեբժնց երկիրը»,- եզրափակել է ԱԳՆ խոսնակը։