Կառավարությունը տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
https://parstoday.ir/hy/news/armenia-i209360-Կառավարությունը_տեսանյութով_ներկայացրել_է_Խաղաղության_խաչմերուկ_նախագիծը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 18, 2023 09:21 Asia/Tehran

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս:

Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:

«Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաև արևելքն արևմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային:

Նույն կերպ և այդ երկաթուղային և ավտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Ծոցը Սև ծովի, այդ թվում` վրացական նավահանգիստներին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ: Այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, և ես ցանկանում եմ Կառավարությունների, մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրել այս հնարավորության վրա»,- հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։