Ադրբեջանին կզսպեն այլ բաները. քաղաքագետը` ԵՄ դիտորդների ավելացման մասին
Վահե Հովհաննիսյանի համոզմամբ` պետք չէ ուրախանալ, որ եվրադիտորդների թիվն ավելանում է մեր երկրում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ռազմավարական ծրագրեր ունի, որոնց շնորհիվ ստանում է այն, ինչ ուզում է։
ՀՀ–ում ավելացնելով Եվրամիության դիտորդների թիվը` Արևմուտքը մի նպատակ ունի` Հայաստանը հակադրել Ռուսաստանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտեց քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
Հայտնել էինք, որ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունների թիվը 50%–ով ավելացնել՝ 138–ից հասցնելով 209–ի։
«ՀՀ իշխանության ամենամեծ, աններելի սխալներից մեկն այն է, որ մեր այս փոքր երկիրը դարձրեց Արևմուտք–ՌԴ բախման էպիկենտրոնում մի միավոր։
Դիտարկմանը, որ Բորելը նաև ասել էր, որ ԵՄ դիտորդների ավելացումը «միջոց է բարձրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը», քաղաքագետը ասաց` ԵՄ առաքելությունը ոչ մի բանով չի նպաստելու հայ–ադրբեջանական սահմանի կայունությանը։
Ըստ նրա` եթե Ադրբեջանը խնդիր ունենա լարելու իրավիճակը սահմանին կամ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու, ապա դա անելու է, ու Ադրբեջանին կզսպեն այլ բաներ, այլ ոչ թե մի քանի հարյուր ԵՄ դիտորդները։
«Երբ ՀՀ իշխանությունն ինքը չգիտի` ինչ է ուզում, ու որն է մեր երկրի հեռանկարը, ապա վերածվում ենք օրվա ռեժիմով ապրող երկրի»,– նկատեց քաղաքագետը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն կարևորում է «3+3» ձևաչափը, սակայն միաժամանակ գնում է եվրադիտորդների թվի ավելացման, ու սա այն դեպքում, երբ այդ ձևաչափի անդամ երկրները զգուշացրել են, որ դրսի ուժերի ներգրավածությունը կբերի ապակայունացման։
Այս դեպքում Վահե Հովհաննիսյանին զարմացնում է ՀՀ իշխանությունների քայլերի տրամաբանությունը` երկու հակասական ուղղություններով էլ ՀՀ–ն աշխատում է նույն էնտուզիազմով ու մտահոգիչն այն է, որ արդյունքում մեզ` որպես պետություն, կարող են այլևս լուրջ չընդունել։
Sputnik