Հռոմի ստատուտը փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i213234-Հռոմի_ստատուտը_փետրվարի_1_ից_ուժի_մեջ_է_մտնում_Հայաստանի_համար
Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 01, 2024 07:39 Asia/Tehran
  • Հռոմի ստատուտը փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի համար

Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։

Հայաստանը պաշտոնապես ներկայացրել է Միջազգային քրեական դատարանին միանալու իր դիմումը և անդամ կդառնա փետրվարին: Այս մասին barrons.com-ի փոխանցմամբ, հայտնել է Հաագայի դատարանը։

«Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից: Հայաստանը կդառնա Հռոմի ստատուտի մասնակից 124-րդ պետությունը և 19-րդ պետությունն Արևելյան Եվրոպայի խմբից»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա էր հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Հայաստանի տարբեր պաշտոնյաներ, սակայն, հայտարարել են, որ Հռոմի ստատուտին միանալու որոշումը կայացվել է, քանի որ դրանով Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորություն են տեսնում։