«Հուսով եմ` կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը». ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուսով է, որ ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերընտրվելուց հետո Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն փոխգործակցել մի շարք ոլորտներում։
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում։
«Նման պատասխանատու պաշտոնում Ձեր վերընտրվելը թույլ կտա մեզ շարունակել բովանդակալից երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և մեր երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու ավանդույթների վրա։ Հուսով եմ, որ կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցությունն ու փոխըմբռնումը»,– գրել է Խաչատուրյանը։
Նա բարօրություն և հետագա հաջողություններ է մաղթել Պուտինին։
Հիշեցնենք` ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևեց երեք օր` մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Վլադիմիր Պուտինը հաղթել է՝ ստանալով քվեների 87,3 տոկոսը։