ՌԴ սահմանապահները լուրջ դեր են խաղում ՀՀ սահմանների անվտանգության գործում․ Ջաբարով
https://parstoday.ir/hy/news/armenia-i216246-ՌԴ_սահմանապահները_լուրջ_դեր_են_խաղում_ՀՀ_սահմանների_անվտանգության_գործում_Ջաբարով
Հայ–թուրքական և հայ–իրանական սահմաններին տեղակայված ռուս սահմանապահների հարցը պետք է որոշվի բանակցությունների սեղանի շուրջ, և, իհարկե, վերջին խոսքը Երևանինն է: Sputnik Արմենիա հարթակում տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց սենատոր, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2024 14:46 Asia/Tehran
  • ՌԴ սահմանապահները լուրջ դեր են խաղում ՀՀ սահմանների անվտանգության գործում․ Ջաբարով

Հայ–թուրքական և հայ–իրանական սահմաններին տեղակայված ռուս սահմանապահների հարցը պետք է որոշվի բանակցությունների սեղանի շուրջ, և, իհարկե, վերջին խոսքը Երևանինն է: Sputnik Արմենիա հարթակում տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց սենատոր, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը։

Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ 2024 թվականի օգոստոսի 1-ից մտադիր է «Զվարթնոց» օդանավակայանում ինքնուրույն սահմանային հսկողություն իրականացնել։

Ջաբարովի խոսքով՝ սահմանապահները հենց այնպես չեն հայտնվել Հայաստանում․ կար իրավիճակ, երբ պետք էր երկիրը պաշտպանել արտաքին սպառնալիքներից: Եվ նրանք հաջողությամբ կատարեցին իրենց խնդիրը, իրենց դերն ունեցան այն հարցում, որ երկիրը կարողացավ զարգանալ և կառուցել իր պետականությունը։

«Սահմանապահներն իրական օգնություն են ցուցաբերում սահմանը պաշտպանելու հարցում, նրանք երբեք չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին, իսկ հայ ժողովուրդն ինքը բավական բարյացակամ է վերաբերվում նրանց։ Բայց եթե Հայաստանի իշխանությունները որոշեն, որ պատրաստ են ինքնուրույն պահպանել իրենց սահմանները, ապա դա իրենց ինքնիշխան իրավունքն է։ Բայց այս ամենը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ վերջին խոսքը Երևանինն է»,-նշեց նա` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Հաշվի առնելով, որ ՌԴ սահմանապահները 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ղեկավարության խնդրանքով տեղակայվել են նաև հայ–ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում, ապա, սենատորի կարծիքով, եթե վաղը հանկարծ նրանց հետ քաշելու մասին որոշում կայացվի, ավելի նպատակահարմար է դա անել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

«ՌԴ սահմանապահների ներկայությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի անվտանգ գոյության երաշխիքն է»,- ասաց նա:

ՌԴ սահմանապահները հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին ծառայություն են իրականացնում Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին 1992թ.-ի սեպտեմբերի 30-ին Երևանում կնքված միջպետական պայմանագրի համաձայն: Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին անցակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Տեսակամուրջն առաջին անգամ անցկացրել է արհեստական բանականության օգնությամբ ստեղծված վիրտուալ հաղորդավարուհին։

 arm.sputniknews.ru