Ապրիլ 21, 2024 15:07 Asia/Tehran
  • Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանավանում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ապրիլի 19–ի պայմանավորվածություններից հետո ռուսական հենակետերը Տավուշից դուրս բերելու հարց կդրվի, թե ոչ, հայտարարել է, որ ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից։

ՌԴ սահմանապահները 2021 թվականի օգոստոսին են տեղակայվել սահմանամերձ Ոսկեպար համայնքում։

Փաշինյանը վստահ է` Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան միմյանց հետ փոխգործակցել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են մեկ իրադրությունից ելնելով։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է։ Նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է։ Դա կնշանակի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելու են ու ինքնուրույն ի վիճակի են լինելու սահմանի պահպանություն իրականացնել»,– նշեց Փաշինյանը։

Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել, զինվորներին էլ պետք է թույլ տալ, որպեսզի մի փոքր հանգստանան։

«Կարծում եմ պատմական բան է տեղի ունենալու։ Սահմանագծերին էլ որոշակի նախնական նշաններ կհայտնվեն, որի մի կողմում կգրվի Հայաստանի Հանրապետություն, իսկ մյուս կողմում` Ադրբեջան։ Սա լրջագույն փոփոխություն է, ու մենք ոչ թե հասել ենք այն իրավիճակին, որին ուզում էինք, այլ մենք ոտք դրեցինք այն ճանապարհին, որով մենք պետք է հասնենք։ Մեր ոտքն այժմ ուղիղ ճանապարհի վրա է, շատ կարևոր է այդ ճանապարհից չշեղվելը»,– նշել է նա։

panarmenian.net

Պիտակ