Անկախության հռչակագրի և Սահմանադրության բովանդակությունը նույնական չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ
«Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի ՛ քաղաքացիներ,
1990թ. օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Այս փաստաթղթով Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց անկախ պետություն ունենալու իր ցանկության մասին և արձանագրեց իր կամքը:
Անկախության հռչակագրին հղումը հետագայում՝ 1995 թվականին, տեղ գտավ և մինչև օրս առկա է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում:
Բայց, ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ և այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են:
Դրա ամենավառ ապացույցը Հռչակագրի 5-րդ հոդվածն է, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ»:
Չնայած Հռչակագրի նման ձևակերպմանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ՀՀ Զինված ուժերը, Ոստիկանության զորքերը, պետական և հասարակական անվտանգության մարմիններն երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչև 2015թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի Նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ Կառավարությանը:
Սա ուղղակիորեն և աներկբա ի ցույց է դնում, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի և որևէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ:
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի ՛ քաղաքացիներ,
Անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, մեր ինքնության և ինքնուրույնության պահպանման անփոխարինելի ինստիտուտներն են, և 1990թ․ օգոստոսի 23-ին մենք այդ ինստիտուտների և գաղափարաբանության հետ առնչվելու առաջին փորձը արեցինք՝ երկարատև դադարից հետո։ Անկախության ու պետականության մասին մեր բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումները և ընկալումները այդ ժամանակներից ի վեր էականորեն փոխվել են և ինձ համարձակություն կվերապահեմ պնդելու՝ դարձել ավելի խորը և համապարփակ:
Անկախությունը, պետականությունը, քաղաքացիությունը մտածողության բոլորովին ուրիշ բանաձևեր են, բոլորովին ուրիշ հարթություններ և մենք ոտք ենք դնում այդ հարթությունների վրա, որդեգրում ու զարգացնում ենք այդ բանաձևերը՝ հենց այսօր, հենց հիմա։