Որոշվել է՝ ՀՀ պետք է նոր Սահմանադրություն, ոչ թե փոփոխություններ․ Գրիգոր Մինասյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i222282-Որոշվել_է_ՀՀ_պետք_է_նոր_Սահմանադրություն_ոչ_թե_փոփոխություններ_Գրիգոր_Մինասյան
Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027թ.–ին։ Այսօրվա կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2024 09:21 Asia/Tehran
  • Որոշվել է՝ ՀՀ  պետք է նոր Սահմանադրություն, ոչ թե փոփոխություններ․ Գրիգոր Մինասյան

Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027թ.–ին։ Այսօրվա կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Քննարկել ենք բավականին մանրամասն՝ սահմանադրական փոփոխություննե՞ր, թե՞նոր Սահմանադրություն, ու այստեղ կարծես թե ունենք համաձայնություն, որ մեզ պետք է նոր Սահմանադրություն»,- հայտարարեց Մինասյանը։

Նրա խոսքով` սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերում Անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հարց չի քննարկվել։ Միաժամանակ, շեշտեց, որ Սահմանադրության ներածական մասի վերաբերյալ ևս որևէ քննարկում չի եղել։

ՀՀ արդարադատության նախարարը շեշտեց՝ խորհուրդը կազմված է տարբեր մասնագետներից, այդ թվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ։ Խորհրդում որևէ որոշում միանձնյա չի կայացվում։ Յուրաքանչյուր անդամ ունի հավասար ձայնի իրավունք և նաև իրավունք` առաջարկ ներկայացնելու։ Հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 5-ին, որի ժամանակ քննարկվելու է, այսպես ասած, «կայուն մեծամասնության» հոդվածը։ Քանի որ Ազգային ժողովն իրավունք ունի Սահմանադրության որոշ հոդվածներ փոփոխելու, առաջարկ է ներկայացվել չսպասել 2027թ․ հանրաքվեին և որոշ փոփոխություններ հիմա անել։

«Կայուն մեծամասնության հոդվածն է քննարկվելու, որ եթե որևէ քաղաքական ուժ ընտրություններում հավաքում է մեծամասնություն, տրվում են բոնուսներ, որ տվյալ քաղաքական ուժն ունենա 54 տոկոսին համարժեք մանդատներ»,- ասաց Մինասյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դա արվում է 2026թ–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Մինասյանն առաջարկեց հարցերն ուղղել խորհրդի անդամներին։