Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը
https://parstoday.ir/hy/news/armenia-i223142-Գլխավոր_դատախազությունը_բողոքարկել_է_Սերժ_Սարգսյանի_արդարացման_վճիռը
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2024 14:23 Asia/Tehran
  • Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։

«Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան»,– նշեցին գերատեսչությունից։

Հիշեցնենք` Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։

Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 31-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով։