Բաքուն դարձյալ մերժում է հայկական կողմի առաջարկն ու նախապայմաններ առաջադրում
https://parstoday.ir/hy/news/armenia-i223168-Բաքուն_դարձյալ_մերժում_է_հայկական_կողմի_առաջարկն_ու_նախապայմաններ_առաջադրում
Մինչ միջազգային խաղացողները COP-29-ին ընդառաջ «Խաղաղության պայմանագիր» կնքելու հարցում Ադրբեջանից գործնական քայլեր ու կառուցողականություն են ակնկալում, Բաքուն դարձյալ մերժում է հայկական կողմի առաջարկն ու նախապայմաններ առաջադրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2024 09:01 Asia/Tehran

Մինչ միջազգային խաղացողները COP-29-ին ընդառաջ «Խաղաղության պայմանագիր» կնքելու հարցում Ադրբեջանից գործնական քայլեր ու կառուցողականություն են ակնկալում, Բաքուն դարձյալ մերժում է հայկական կողմի առաջարկն ու նախապայմաններ առաջադրում։

Սրան զուգահեռ Վաշինգտոնը հայտարարում է, որ պատրաստ է հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Փորձագետների կարծիքով՝ Բաքուն շահագրգռված չէ նման հանդիպմամբ, բայց նաև կաշկանդված է COP-29-ով։ 

Վաշինգտոնը կրկին պատրաստակամություն է հայտնում հանդիպում կազմակերպելու Երևանի ու Բաքվի միջև։ ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը, մատնացույց անելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցները Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ,  հստակեցնում է՝ Վաշինգտոնը միշտ էլ առիթներ է փնտրում Հայաստանի ու  Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար։  Ըստ Միլլերի՝  Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել «Խաղաղության համաձայնագրի» վերջնական ձևակերպման ուղղությամբ, և Վաշինգտոնը շարունակում  է աջակցել կողմերին։ Այդ թվում՝ հանդիպում հրավիրել, եթե դա օգտակար է՝ ասել է Միլլերը։