Հայաստանի տարածքի պահպանման հարցով հետաքրքրված են միայն ՌԴ–ն և Իրանը․ Սուրենյանց
Ներկա տարածքով Հայաստանի Հանրապետության պահպանության հարցով միայն երկու երկիր է շահագրգռված՝ Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ մյուս երկրները (մասնավորաբար` արևմտյան) մեր թշնամիները չեն, պարզապես նրանց աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման պարագայում կարող է զոհաբերվել մեր տարածքի մի մասը։
«ՀՀ իշխանությունը միտումնավոր շփոթ է առաջացնում՝ փորձելով ռազմատեխնիկական համագործակցությունն անվտանգության երաշխիքի տեղ մատուցել ժողովրդին։ Դրանք միանգամայն տարբեր են․ կարող ես տասնյակ երկրների հետ ունենալ ռազմատեխնիկական համագործակցություն, իսկ անվտանգության երաշխիքը դիվանագիտության և քաղաքականության մեջ հստակ կատեգորիա է․ դա այն դեպքն է, երբ մի երկիր գրավոր ստանձնում է ռազմական միջամտություն անելու պարտավորություն, եթե դու ենթարկվես Ադրբեջանի ագրեսիային»,- շեշտում է Սուրենյանցը։
Արևմուտքում կամ այլուր, նրա խոսքով, չի գտնվի մի երկիր, որը նման երաշխիք կտա։ Մինչև այսօր միայն մի երկիր է նման պարտավորություն տվել ՀՀ-ին՝ ՌԴ-ն։ Ըստ Սուրենյանցի՝ խոսակցության այլ թեմա է պարտավորության կատարումից դժգոհությունը։