ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել և խոստովանել է, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել։
Վարչապետի շնորհավորական ուղերձում ասված է․
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, և այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը:
2018 թվականից հետո բոլոր որոշումների ուղենիշը եղել է և շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը և առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա:
«Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն։ Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր «Այո» են ասել և «Այո» են ասում Անկախության հանրաքվեում, սիրում եմ այդ մարդկանց և հպարտանում եմ նրանցով: Եվ ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է»,– գրել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով` կարևոր է ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու հարթակ ու մեխանիզմ:
«Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով»,– եզրափակել է նա:
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով»: