Հայաստանի Ռազմարդյունաբերության կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, ձեռնպահ՝ 5, դեմ՝ 0։
ՀՀ ԱԺ-ի հոկտեմբերի 24-ի լիագումար նիստում օրինագիծը ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:
Փոփոխություններով ԲՏԱ նախարարությունն առաջարկում է Ռազմարդյունաբերության կոմիտեին օժտել հիմնական 4 նոր գործառույթով, որը կնպաստի Հայաստանում ռազմական արդյունաբերության զարգացմանը։
Օրինագիծն ընդունվելուց հետո Կոմիտեի համար օրենսդրական իրավական դաշտ է ստեղծվում 4 հիմնական կարգեր մշակելու։
Դրանցից առաջինով նախատեսվում է կանոնակարգել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձևավորումը, կազմումը, անցկացումը, հաշվետվությունն ու ֆինանսավորումը։
Երկրորդ ուղղությունով կանոնակարգումները վերաբերում են փորձանմուշների արտադրությանը:
Երրորդ կարգը վերաբերում է պետական փորձարկումների գործընթացին: Չորրորդ կարգով հնարավորություն է տրվելու պետական մարմնին, օգտագործելով պետական գործիքակազմը, ձեռք բերել ռազմական նշանակության հումք, արտադրանք, լրամասեր, բաղադրիչներ, նյութեր, որոնք հետագայում կմատակարարվի մասնավոր հատվածի ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին: