Ավտոմեքենայով Իրան գնացողների թիվն ավելանում է. վրացիները ևս հետաքրքրված են
(last modified Sat, 09 Nov 2024 14:35:50 GMT )
Նոյեմբեր 09, 2024 18:05 Asia/Tehran
  • Ավտոմեքենայով Իրան գնացողների թիվն ավելանում է. վրացիները ևս հետաքրքրված են

Հայ-իրանական սահմանը հայկական պետհամարանիշով ավտոմեքենաներով հատելու պարզեցված եղանակի գործարկումից հետո ՀՀ–ից Իրան օրական միջին հաշվով մուտք է գործում մեկ ավտոմեքենա։ Sputnik Արմենիային ասաց մաքսային ձևակերպումներով զբաղվող «Carnet de Passage»(CDP) միջազգային ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Մարտիրոսյանը։

Նշենք, որ ս.թ հոկտեմբերից 1-ից մեկնարկած կարգով հայկական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները սեփական ավտոմեքենայով հայ-իրանական սահմանն անցնելու համար պետք է ստանան Carnet de Passage կամ ավելի կարճ` CDP մաքսային տարանցման փաստաթուղթ, որը զգալի պարզեցնում է մաքսային գործընթացներն ու հնարավորություն է տալիս Իրանի տարածքում երթևեկել հայկական ավտոմեքենաներով։

Մինչ այդ սեփական ավտոմեքենայով Իրան մեկնելու համար ՀՀ քաղաքացիները 2-3 հազար ԱՄՆ դոլար վճարում էին ապահովագրության համար, 1000 դոլար` ավտոմեքենայի դեպոզիտի, իսկ մաքսային ձևակերպումը հայ-իրանական սահմանին տևում էր ժամեր։ Այս խնդիրներից խուսափելու համար հայաստանցիները հիմնականում Իրան էին մեկնում առանց ավտոմեքենաների, իսկ Սյունիքի մարզի բնակիչները, որոնք հաճախ Իրանի հետ առևտրով են հոգում իրենց կենցաղը, ստիպված էին ոտքով հատել սահմանն ու սահմանին կից հատվածից գնված ապրանքը ոտքով բերել Հայաստան։

«Որոշ տեխնիկական հարցեր կային, որոնք արդեն լուծվել են, և միայն վերջին 4 օրվա ընթացքում արդեն 4 ավտոմեքենա ենք ուղարկել, 5-րդն էլ արդեն պատրաստում ենք ուղարկենք։ 2 օր հետո դա էլ կհատի սահմանը»,– նշեց մեր զրուցակիցը։

Որոշակի պասիվությունը Մարտիրոսյանը բացատրում է ոչ միայն նոր կարգի վերաբերյալ ցածր իրազեկվածությամբ, այլև սեզոնային գործոնով։ Նրա խոսքով` գարնանից ակնկալվում է օրական 100-150 ավտոմեքենաների տարանցում։

Նախնական շրջանում CDP–ի ձևակերպման արժեքը սկսվում էր 550 դոլարից, որի դիմաց ՀՀ քաղաքացուն տրվում էր 5 էջանոց CDP քարտ (յուրաքանչյուր էջը նախատեսված է սահմանը 1 անգամ հատելու համար)։ Յուրաքանչյուր այցի ընթացքում ավտոմեքենան կարող է Իրանի տարածում մնալ առավելագույնը 1 ամիս ժամկետով։

CDP գրասենյակի տնօրենի խոսքով` գործունեության 1 ամսվա փորձի ընթացքում, հաճախորդների ցանկությունները հաշվի առնելով, որոշում են կայացրել սակագնային այլ փաթեթներ ևս սահմանել։

«Հիմա արդեն 1, 3 և 5 ամսվա այցերի նոր փաթեթներ էլ ունենք։ Մեզ բավական հաճախ էին դիմում` ասելով. «ես մեկ անգամ եմ ուզում գնալ, ի՞նչ կարիք կա մեկ տարվա փաթեթ գնելու, ուզում եմ ավելի քիչ վճարեմ»։ Դրա համար մենք հիմա 1 ամսվա տարբերակ էլ ունենք, որն արժե 450 դոլար, և հնարավորություն է տալիս 1 ամսում մինչև 10 անգամ սեփական ավտոմեքենայով գնալ Իրան ու վերադառնալ։ Սա շատ ձեռնտու է հատկապես Սյունիքի բնակիչներին, որոնք ամսվա մեջ մի քանի անգամ գնում էին Իրան` առևտուր անելու, և ստիպված էին իրենց մեքենան թողնել սահմանից այս կողմ ու ոտքով հատել սահմանը։ Հիմա կարող են CDP գնել ու ավտոմեքենայով մի քանի անգամ գնալ–գալ։ Կարող են 10 այցն ավարտվելուց հետո անհրաժեշտության դեպքում ևս մեկ նոր փաթեթ գնել»,– ասաց Արամ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` ՀՀ քաղաքացիների` Իրան մեկնելու ակտիվությանը խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ Carnet de Passage–ն առայժմ գրասենյակ ունի միայն Երևանում։ Բայց մոտ ապագայում նախատեսում է գրասենյակ բացել հենց հայ-իրանական սահմանի մոտ` Մեղրիում։

Իրանի հետ աշխատանքի հայաստանյան փորձով հետաքրքրվել են անգամ հարևան Վրաստանում։ Վրացական կողմից կապ են հաստատել Carnet de Passage–ի հայաստանյան ներկայացուցչության հետ, ցանկություն հայտնել ներգրավվելու ծրագրի մեջ։

Այդուհանդերձ, ծրագիրն առայժմ գործում է միայն ՀՀ քաղաքացիների համար։ Օտարազգիները, անգամ իրանցիները դրանից կարող են օգտվել միայն այն դեպքում, եթե ՀՀ քաղաքացի են, կամ ունեն երկքաղաքացիություն։

Հիշեցնենք` տարանցման պայմանների պարզեցման համաձայնագիրը ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմրցարշավների կենտրոնի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև ստորագրվել էր ս.թ. օգոստոսի 15-ին։ Իսկ սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզպետարանը հայտարարեց, որ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն արդեն կարող են հայ– իրանական սահմանը հատել պարզեցված եղանակով` CDP–ի մաքսային տարանցման փաստաթղթով։