Հայաստանը պիտի որոշի` մասնակցի СОР–29–ին, թե ոչ. Ալիև
(last modified Mon, 11 Nov 2024 14:52:52 GMT )
Նոյեմբեր 11, 2024 18:22 Asia/Tehran
  • Հայաստանը պիտի որոշի` մասնակցի СОР–29–ին, թե ոչ. Ալիև

Հայաստանն ինքը պիտի որոշի` մասնակցի Բաքվում կայանալիք СОР–29–ին, թե ոչ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր հայտարարեց, որ COP–29–ին մասնակցելու որոշումը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից:

«Հրավերն ուղարկվել է, սակայն կմասնակցի, թե ոչ, պետք է որոշի հենց Հայաստանը»,– ասել է Ալիևը Ստուբին, որը Բաքու է մեկնել համաժողովին մասնակցելու նպատակով։

Նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն պատմության մի մաս է դարձել` Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Բաքուն աջակցում է խաղաղության օրակարգին:

Հիշեցնենք, որ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP–29 գագաթնաժողովը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11–24–ը։

2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը որպես բարի կամքի քայլ իր աջակցությունը հայտնեց այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանեց իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունը հայտնեց Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:

Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Բաքու մեկնելու և COP–29–ին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:

Հոկտեմբերի 31–ին, երբ ԱԺ–ում պատգամավորները Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե արդյոք պաշտոնական Երևանը պատրաստվո՞ւմ է COP–29-ին մեր երկրի մասնակցության համար նախապայման դարձնել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձը, Միրզոյանը նշեց, որ գերիների հարցը թիվ մեկ առաջնահերթություններից մեկն է։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հաստատել էր, որ Հայաստանը COP–29–ին մասնակցելու հրավեր ստացել է։