Հայկական դիվանագիտությունը հերթական սխալը գործեց. փորձագետը` COP–29–ի մասին
Հայաստանը Բաքվում ընթացող կլիմայական գագաթնաժողովի և այնտեղ հնչած սպառնալիքների ու շանտաժի ընթացքում գրեթե քար լռություն էր պահպանում, և դա սխալ էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը։
Գագաթաժողովի մեկնարկից շատ առաջ քննարկվում էր նաև հայ պաշտոնյաների մասնակցության հնարավորությունը, թեև հայկական կողմից պաշտոնական որևէ մեկնաբանություն չեղավ։ Միևնույն ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր` եթե հաջողվի մասնակցության արդյունքում գերիների գոնե մի մասին վերադարձնել, ապա միանշանակ արժե գնալ գագաթնաժողովին։
Արդյունքում այդպես էլ անհայտ մնաց` արդյոք Բաքու այցելելու հետ կապված պայմանավորվածություն կար, թե ոչ։
«Ինձ համար անհեթեթ է թվում այն, որ Հայաստանը մինչ օրս այդպես էլ դիրքորոշում չի հայտնել իր մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Երևանը նաև զերծ է մնացել գագաթնաժողովում ադրբեջանցի պաշտոնյաների հնչեցրած հայտարարությունների և սպառնալիքների վերաբերյալ որևէ գնահատական տալուց: Հայաստանի կողմից այդ լռության միակ խախտումը գագաթնաժողովի շրջանակում անցկացված, այսպես կոչված, «Ադրբեջանական Երևան» վահանակի վերաբերյալ ԱԳՆ–ի երեկվա կարճ մեկնաբանությունն էր»,– նշեց քաղաքագետը։
Վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ գագաթնաժողովին զուգահեռ համաշխարհային բազմաթիվ լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում անդրադառնում էին Ադրբեջանում մարդու իրավունքների համատարած խախտումներին, բնապահպանական խնդիրներին և երկրում կլիմայական միջոցառման անցկացման անհեթեթությանը` նշելով, որ Ադրբեջանի տնտեսությունն ամբողջությամբ կախված է ածխաջրածինների արդյունահանումից և արտահանումից: Բացի այդ, COP–29–ի առանձին մասնակիցներ իրենց ելույթներում անդրադարձան հայ գերիների թեմային, խոսեցին նրանց ազատ արձակելու անհրաժեշտության մասին։ Մինչդեռ հայկական դիվանագիտությունն անգամ այս ամենից չցանկացավ օգտվել իր դիրքերը բարելավելու համար։
Ըստ Հայրապետյանի` պետք է հաշվի առնել նաև, թե որ երկրներն են մասնակցել COP–29 գագաթնաժողովին։ Դրանք հիմնականում ասիական, աֆրիկյան երկրների առաջնորդներն էին, որոնք առանձնապես հետաքրքրություն չունեն Հարավային Կովկասում։ Այդ իսկ պատճառով միջազգային հարթակներում ադրբեջանական քարոզչությունն էական ազդեցություն կունենա այդ երկրների դիրքորոշումների վրա։
Հայաստանը 2023 թ. դեկտեմբերին հրաժարվեց COP–29–ը մեզ մոտ անցկացնել` զիջելով Ադրբեջանին։ Ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ հանգամանքների արդյունքում Հայաստան վերադարձան 32 հայ գերիներ։ Պաշտոնական Երևանը հույս ուներ, որ այս գործարքը թույլ կտա արագացնել խաղաղության գործընթացը և պայմանագիր ստորագրել։ Դա տեղի չունեցավ, ինչը Հայրապետյանը համարում է Երևանի սխալ հաշվարկը։
«Հայկական կողմը ոչինչ, բացի նոր սպառնալիքներից, չստացավ։ Ընդհանրապես դա շատ անտեղի զիջում էր, որ արվեց Ադրբեջանին»,– ընդգծեց քաղաքագետը։
Ըստ նրա` ադրբեջանական կողմը կարողացավ առավելագույնս օգտվել մասշտաբային այս միջոցառումից ոչ միայն իր իմիջը «ռասկրուտկա» անելու, այլև գագաթնաժողովի կուլիսներում գազային նոր գործարքներ կնքելու համար։
Sputnik.