Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավարին
Գավառի պետական համալսարան է այցելել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդին։
Ըստ Գավառի պետական համալսարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդման, պատվավոր հյուրին ողջունել են Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը։
Կայացել է հանդիպում բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ։
Քննարկվել են հայ-իրանական բազմադարյան պատմամշակութային կապերն ու առնչությունները, անդրադարձ է կատարվել իրանական և հայկական պոեզիային ու փիլիսոփայությանը, կարևորվել համագործակցությունը մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԻԻՀ մշակույթի կենտրոնի և Գավառի պետական համալսարանի գործակցության հնարավորությունները՝ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, ուսանողների փոխանակման, միջմշակութային հաղորդակցության զարգացման ուղղություններով։
Այցի ավարտին Մոհամմադ Ասադի Մովահեդինը ծանոթացել է Գավառի պետական համալսարանի Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանի ցուցանմուշներին։