Ռուսաստանին ու Հայաստանին միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային, հոգևոր արժեքները. Վալենտինա Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահի բնորոշմամբ՝ Երևանն ու Մոսկվան դաշնակիցներ են, որոնց միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային, հոգևոր արժեքները, ինչպես նաև երկու ժողովուրդների՝ կայուն զարգացման և բարգավաճման ցանկությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահն այս մասին ասաց Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի բացման ելույթում։
Մատվիենկոյի դիտարկմամբ՝ անցկացվող համաժողովը խոսում է նման ձևաչափի պահանջարկի և արդյունավետության մասին։
«Տարիների ընթացքում համաժողովն արդեն դարձել է հեղինակավոր հարթակ Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանների միջև ուղիղ երկխոսության և արդյունավետ գործիք՝ տարբեր ոլորտներում բազմակողմանի համագործակցության զարգացման համար։ Հենց այստեղ՝ ֆորումի հարթակում, ծնվում են նոր նախագծեր, ամրապնդվում են գործարար կապերը, մշակվում են ընդհանուր խնդիրների լուծումներ»,-շեշտեց Մատվիենկոն։
Վերջինիս կարծիքով՝ հայ-ռուսական համագործակցությունը կառուցված է փոխադարձ հարգանքի, փոխադարձ օգուտների սկզբունքների վրա:
«Եվ մենք ընկերներ չենք որևէ մեկի դեմ, մենք երբեք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրել, մենք ոչ մեկին ոչինչ չենք խրախուսել՝ ի տարբերություն որոշ այլ գործընկերների, որոնք միշտ ասում են՝ «կամ մեզ հետ, կամ ուրիշ ոչ մեկի»: Հայաստանն անկախ, հարգանք վայելող պետություն է և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի, բայց ինչ վերաբերում է ռուս-հայկական համագործակցությանը, փոխգործակցությանը, բարեկամությանը, սա մեր պետությունների և ժողովուրդների ներքին արժեքն է։ Ես կցանկանայի նշել, որ այժմ մեր տնտեսական կապերը վերելք են ապրում․ անցյալ տարվա արդյունքները համոզիչ կերպով խոսում են դրա մասին։ Մեր երկրները գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների»,-ասաց ՌԴ պաշտոնյան։
Նա ուրախությամբ ընդգծել է, որ ռուսական ընկերություններն ակտիվորեն աշխատում են Հայաստանում, իրենց հարմարավետ են զգում այստեղ՝ մանրամասնելով, որ Հայաստանում ավելի քան 40 ընկերություններ ռուսական կապիտալի մասնակցությամբ են։ Մատվիենկոյի խոսքով՝ կողմերը հակասություններ չունեն, աշխատում են ընդհանուր կանոններով, մրցակցային հիմունքներով և փոխշահավետ կերպով։
«ՌԴ-ն նաև ՀՀ տնտեսության հիմնական ներդրողներից մեկն է։ Հայաստանի տնտեսությունում կուտակված ռուսական ներդրումների ծավալը արդեն կազմում է ավելի քան 4 միլիարդ դոլար։ Միջտարածաշրջանային փոխազդեցությունները մեծ պահանջարկ ունեն, և ես վստահ եմ, որ այս ֆորումի շրջանակներում մենք կգտնենք կոնկրետ մեխանիզմներ այդ հնարավորությունների ներուժը իրացնելու համար»,-նկատեց Մատվիենկոն։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը նաև հայտնեց, որ Ռուսաստանի ավելի քան 20 շրջաններ արդեն կնքել են միջտարածաշրջանային համաձայնագրեր հայ գործընկերների հետ՝ տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար համագործակցության վերաբերյալ:
Մատվիենկոն իր ելույթում նաև կարևորեց երկու երկրների համայնքների միջև կապերի ու համագործակցության զարգացումը՝ համարելով այն միջպետական կապերի ամուր հիմքերից մեկը։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը համաժողովի մասնակիցներին նաև հորդորեց չմոռանալ զբոսաշրջության ոլորտում համագործակցության կարևորությունն ու նշանակությունը երկու երկրների տնտեսությունների համար։
«Այսօր Ռուսաստանի ներգնա զբոսաշրջությունը զարգանում է շատ ակտիվ կերպով։ Գնալով ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են ներգնա տուրիզմից օգտվում, միաժամանակ, ամեն տարի ավելի քան 1 միլիոն ռուս զբոսաշրջիկ այցելում է Հայաստան, ինչպես նաև մեծանում է Հայաստանի այն բնակիչների քանակը, որոնք այցելում են ռուսաստանյան զանազան զբոսաշրջային վայրեր»,-նշեց Մատվիենկոն՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման, այլև ժողովուրդների միջև կապերի խորացման առումով։
Մատվիենկոն հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համայնքային մակարդակով համագործակցությունը Հայաստանի հետ։
Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համայնքների ու մարզերի ղեկավարներին Վալենտինա Մատվիենկոն կոչ արեց ակտիվ ներգրավվածություն ունենալ համաժողովի պանելային քննարկումներում՝ նպատակ ունենալով հետագայում հասնել հստակ ու գործնական ծրագրերի իրագործմանը։