ՌԴ հայազգի շատ քաղաքացիներ ցավով են հետևում հայաստանյան իրադարձություններին. Պեսկով
Ռուսաստանի հայազգի շատ քաղաքացիներ ցավով են ընդունում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հայաստանը մեզ շատ մոտ երկիր է։ Չմոռանանք, որ մի քանի միլիոն հայեր Ռուսաստանի քաղաքացիներ են։ Իհարկե, նրանք ցավով են հետևում տեղի ունեցող իրադարձություններին, և շատերը չեն ընդունում, թե ինչպես են զարգանում իրադարձությունները», - նշել Է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, երկրի ներքին գործն է, և Ռուսաստանը մտադիր չէ միջամտել:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հունիսի 27-ի առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրից փորձել են բերման ենթարկել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Սակայն հոգևորականներն ու ծխականները դիմադրություն են ցույց տվել՝ թույլ չտալով ուժայիններին մուտք գործել Վեհարան։ Ավելի ուշ արքեպիսկոպոսն ինքը լքել է նստավայրի տարածքը և ուղևորվել Երևան ու ներկայացել Քննչական կոմիտե։
Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր անելու մեջ, սակայն ինքը մեղադրանքները շինծու է անվանել։ նա կալանավորվել է 2 ամսով։
Հունիսի 26-ին էլ 2 ամսով կալանավորվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հայաստանի իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև առճակատումը սրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցցանցում արված հրապարակումներից հետո։ Ավելի ուշ նա առաջարկել է փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ առաջարկելով ամրագրել պետության վճռորոշ դերն այդ գործընթացում։
Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունն էլ, ով բացահայտորեն հանդես է եկել եկեղեցու օգտին, սուր արձագանք է առաջացրել հայկական սփյուռքում: Աշխարհի հայկական համայնքների ներկայացուցիչները դատապարտել են կատարվածը՝ հայտարարելով եկեղեցու եւ նրա կողմնակիցների նկատմամբ քաղաքական ճնշման անթույլատրելիության մասին:
arm.sputniknews