Երևանում ընթանում է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ նիստը
ԱՊՀ երկրների ներկայացուցիչները հավաքվել են Երևանում՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական 10-րդ նիստին:
Մասնակիցները քննարկում են փոխգործակցությանը, կոռուպցիայի հակազդմանը, ինչպես նաև ԱՊՀ տարածքում ընդհանուր սպառնալիքներին վերաբերող հարցեր:
Նիստին մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Ռուսաստանը և Բելառուսը ներկայացված են գլխավոր դատախազի տեղակալների՝ Պյոտր Գորոդովի և Սերգեյ Խմարուկի մակարդակով, իսկ ԱՊՀ–ի մնացած երկրները՝ հակակոռուպցիոն պետական կառույցների մակարդակով։
Նիստին մասնակցում են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Իգոր Մալաշևիչը և ԱՊՀ անդամ պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ներկայացուցիչ Յուլյա Դենիսովան։
Աննա Վարդապետյանն ընդգծեց, որ 7-ամյա դադարից հետո Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է Խորհրդի անդամ երկրների պատվիրակություններին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ Խորհրդի ձևավորման պահից սկսած՝ դրա անդամներին հաջողվել է ձևավորել կայուն երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Փոխվարչապետի խոսքով՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ԱՊՀ կարևորագույն ոլորտային մարմիններից մեկն է, որն առանցքային դեր ունի իրավակարգի ապահովման ոլորտում՝ ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ամրապնդման, համատեղ գործողությունների համադրման և համագործակցության առաջնահերթ ուղղությունների ձևավորման գործում։ «Տասներորդ նիստը հերթական փուլ չէ։ Սա լավ առիթ է գնահատելու ձեռքբերումները, ամփոփելու արդյունքները և սահմանելու հետագա համագործակցության և Խորհրդի գործունեության ուղղությունները», - նշեց հանրապետության փոխվարչապետը։
Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ 6 պետությունների ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին: