«Պատիվ ունեմ»–ը ԱԺ–ում ներկայացրեց «Ազգային ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարությունը։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց, որ սա իմպիչմենտի գործընթաց չէ, այլ քաղաքական հայտարարություն է, որտեղ արձանագրված են ներքաղաքական և անվտանգային խնդիրները։
Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 16-ին խմբակցությունն անցկացրել էր խորհրդարանական լսումներ, որոնց ընթացքում արձանագրվել էր, որ «այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում»։ Հայտարարության նախագծում նշվում է, որ իշխանության գործողությունները վտանգի տակ են դրել Հայաստանի ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը։
Մամիջանյանը հավելեց, որ վերջին շաբաթներին ընդդիմադիր ուժերի միջև ձևավորվել է «լայն կոնսոլիդացիա», որը, ըստ նրա, կարելի է դիտարկել որպես նոր փուլ ընդդիմադիր համագործակցության համար։
Իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը արձագանքեց՝ հայտարարելով, որ ընդդիմությունը «չպետք է սպասի որևէ աջակցություն իշխանությունից», և շեշտեց, որ վերջնական գնահատականը կտա ժողովուրդը հաջորդ ընտրությունների ժամանակ։
ՔՊ–ի Լիլիթ Մինասյանը, իր հերթին, քննադատեց ընդդիմադիր հայտարարության բովանդակությունը՝ խնդրելով հստակեցնել, թե ինչ է համարվում ՀՀ տարածք, ինչին Մամիջանյանը հեգնանքով պատասխանեց՝ հղում անելով դպրոցական դասագրքերին։
Ընդհանուր առմամբ, Մամիջանյանը շեշտեց, որ «Ազգային ճգնաժամի մասին» հայտարարությունը պետք է դառնա քաղաքական իրազեկման փաստաթուղթ, որը կանդրադառնա պետական կառավարման ձախողումներին, ժողովրդավարության նահանջին և մարդու իրավունքների խախտումներին։