Հայաստանում և Իրանում համատեղ գործարաններ հիմնելու ուղղությամբ նախապատրաստական ակտիվ աշխատանք է ընթանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i237926-Հայաստանում_և_Իրանում_համատեղ_գործարաններ_հիմնելու_ուղղությամբ_նախապատրաստական_ակտիվ_աշխատանք_է_ընթանում
Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու, համատեղ արտադրական ձեռնարկություններ և գործարաններ բացելու վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով այս պահին ընթանում է նախապատրաստական ակտիվ աշխատանք, ճշգրտվում են այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը:
(last modified 2025-10-10T07:19:00+00:00 )
Հոկտեմբեր 10, 2025 10:49 Asia/Tehran
  • Հայաստանում և Իրանում համատեղ գործարաններ հիմնելու ուղղությամբ նախապատրաստական ակտիվ աշխատանք է ընթանում

Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու, համատեղ արտադրական ձեռնարկություններ և գործարաններ բացելու վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով այս պահին ընթանում է նախապատրաստական ակտիվ աշխատանք, ճշգրտվում են այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ անդրադառնալով Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբակի հայտարարությանն այն մասին, որ  Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են համատեղ արտադրական ձեռնարկություններ ու գործարաններ բացել ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում։  

«Հայաստանի Հանրապետության հետ մեր երկիրը ունի շատ լավ հարաբերություններ։ Երկու երկրների միջև տնտեսական ու առևտրային համագործակցության ծավալներն աստիճանաբար աճում են։ Վերջերս նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մեր այցի ընթացքում քննարկել ենք համագործակցության բոլոր ոլորտները՝ արտադրություն, առևտուր, ապրանքների մատակարարում և հանածոների մշակում։ Խոսվել է նաև փոխադարձ ներդրումների, արտադրական նախագծերի իրականացման և շուկաներում իրացման հնարավորությունների ընդլայնման մասին։ Ունենք պայմանավորվածություն համատեղ արտադրական ձեռնարկություններ և գործարաններ բացելու վերաբերյալ ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում»,- սեպտեմբերի 24-ին Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան նշել էր Մոհամադ Աթաբակը։

 Ի՞նչ արտադրական ձեռնարկություններ և գործարաններ է նախատեսվում բացել, որտե՞ղ և ի՞նչ ժամկետներում:

 Այս մասին «Արմենպրես»-ի հարցադրմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են. «Իրանցի նախարարի բարձրացրած հարցերի շրջանակում կողմերը կարևորել են աշխատանքային խմբերի ձևավորման անհրաժեշտությունը՝ համագործակցությունն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրագործումը ապահովելու նպատակով: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին փոխանցել է բոլոր անհրաժեշտ տվյալները՝ գործընթացը գործնական փուլ տեղափոխելու համար և սպասում է իրանական կողմի արձագանքին:  Ինչ վերաբերում է համատեղ արտադրական ձեռնարկությունների և գործարանների հիմնադրմանը, ապա քննարկվող ոլորտները բազմազան են:  Տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակում Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել տարբեր ճյուղերում իրականացվող ներդրումային նախաձեռնություններին»:

Նախարարության տրամադրած մեկնաբանությունում նշվում է նաև, որ Հայաստան-Իրան առևտրատնտեսական համագործակցությունը վերջին տարիներին գտնվում է կայուն զարգացման փուլում՝ արձանագրելով աճի բարձր տեմպեր:

 2025 թվականի օգոստոսին ոլորտային գերատեսչությունների միջև տեղի ունեցած ակտիվ երկխոսությունը վկայում է տնտեսական համագործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրությունների ընդլայնման մեծ ներուժի մասին:

Արձանագրվում է, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն աստիճանաբար ընդլայնվել է՝ ընդգրկելով նոր ճյուղեր:

«Համագործակցությունը դինամիկ զարգանում է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և մի շարք այլ ոլորտներում: Հատկանշական է Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության աշխատանքներում իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը, որը հետագայում կարող է ավելի ընդլայնվել»,- նշված է մեկնաբանությունում: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում համոզված են, «Խաղաղության խաչմերուկ»-ը և TRIPP նախաձեռնությունը կարող են դառնալ տարածաշրջանային համագործակցության նոր հիմք՝ խթանելով փոխադարձ վստահությունը, ենթակառուցվածքային կապերի զարգացումն ու առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը բոլոր շահագրգիռ երկրների միջև: 

«Այս նախաձեռնությունները բացում են համագործակցության նոր հորիզոններ, որոնք իրենց հերթին ձևավորում են տնտեսական կապերի ամրապնդման, զարգացման և տարածաշրջանում իրական ու տևական խաղաղության հաստատման հուսադրող հեռանկարներ: Մենք կարևորում ենք այս հնարավորությունները, պատրաստ ենք լիարժեք օգտագործել դրանք՝ ի շահ մեր պետությունների ու ժողովուրդների բարօրության: Համոզված ենք, որ օգտագործելու ենք տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական ներուժը, այդ թվում՝ մեր բարեկամ Իրանի հետ»,- ընդգծեցին նախարարությունում՝ հավելելով, որ Իրանի աշխարհագրական դիրքը,  հաղորդակցության տարածաշրջանային ցանցերին միացած լինելը և հարևան երկրների շուկաների հետ ունեցած կապերը ստեղծում են լայն հնարավորություններ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացման համար: