«ՏաԹևեր» ճոպանուղին կրկին ներկայացվել է «World Travel Awards 2025» միջազգային մրցանակի
https://parstoday.ir/hy/news/armenia-i237930-ՏաԹևեր_ճոպանուղին_կրկին_ներկայացվել_է_world_travel_awards_2025_միջազգային_մրցանակի
«ՏաԹևեր» ճոպանուղին նշում է ստեղծման 15-ամյակը և հոբելյանի նախաշեմին հերթական անգամ ներկայացվել է «World Travel Awards 2025» միջազգային հեղինակավոր մրցանակի։
(last modified 2025-10-10T08:13:28+00:00 )
Հոկտեմբեր 10, 2025 11:43 Asia/Tehran
  • «ՏաԹևեր» ճոպանուղին կրկին ներկայացվել է «World Travel Awards 2025» միջազգային մրցանակի

«ՏաԹևեր» ճոպանուղին նշում է ստեղծման 15-ամյակը և հոբելյանի նախաշեմին հերթական անգամ ներկայացվել է «World Travel Awards 2025» միջազգային հեղինակավոր մրցանակի։

Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցված և Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար (5752մ) հետադարձելի ճոպանուղին առանցքային դեր է ունեցել ոչ միայն Սյունիքի մարզի, այլև Հայաստանի զարգացման համար՝ բարձրացնելով մեր երկրի զբոսաշրջային գրավչությունն ու 3 անգամ միջազգային մրցանակ բերելով Հայաստանին:

Նախաձեռնության հեղինակ Ռուբեն Վարդանյանը ժամանակին հետևյալ կերպ էր բացատրել ճոպանուղու նշանակությունը. «Մեր բոլոր ծրագրերի նպատակն այն է, որ Հայաստանը հայտնվի աշխարհի քարտեզի վրա և հետաքրքիր դառնա թե՛ հայաստանցիների, թե՛ սփյուռքահայերի, ու թե՛ օտարերկրացիների համար: Ամենադժվարը մարդկանց համոզելն է, որ նման ծրագրերը կարող են խթանի դեր խաղալ և իրապես փոխել իրավիճակը երկրում»:

15 տարվա ընթացքում ճոպանուղուց օգտվել է շուրջ 1,5 միլիոն ուղևոր։ Այսօր Հայաստան այցելող յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք: Մարզի զբոսաշրջային հոսքը աճել է 17 անգամ, իսկ ներդրումների ծավալն ավելացել է 11 անգամ: Զբոսաշրջային հոսքերը խթանել են նաև հյուրատնային բիզնեսի զարգացմանը. Տաթևում, Գորիսում և հարակից համայնքներում մոտ 40 նոր հյուրատներ են բացվել: Տաթևը դարձել է նաև մշակութային միջոցառումների և փառատոների անցկացման լավագույն վայր

Այս տարի ևս «ՏաԹևերը» հերթական անգամ ներկայացվել է «World Travel Awards 2025» միջազգային հեղինակավոր մրցանակի՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում: Այս նույն անվանակարգում հայկական ճոպանուղին հաղթող է ճանաչվել նաև 2021, 2023 և 2024 թվականներին: «ՏաԹևերն» այս տարի մրցակցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ:

Հայաստանի բնակիչներն ու ճոպանուղու արտասահմանցի այցելուները կարող են իրենց քվեարկությամբ աջակցել «ՏաԹևերին»՝ կատարելով հետևյալ քայլերը`

անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով,

գրանցվել էլեկտրոնային փոստով,

հաստատել ստացված էլեկտրոնային հաղորդագրությունը,

սեղմել «Start Voting» կոճակը,

ընտրել «World» բաժինը,

ընտրել 64 -րդ տողը՝ «World’s Leading Cable Car Ride 2025»,

քվեարկել «Wings of Tatev, Armenia» -ի օգտին։

Քվեարկությունը կշարունակվի մինչև 2025 թ: հոկտեմբերի 26-ը։