Իրանի «Նիավարան» պալատական համալիրում կայացել է ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված ընդունելություն
Իրանի «Նիավարան» պալատական համալիրում կայացել է ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված ընդունելություն
Իրանի «Նիավարան» պալատական համալիրում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին ներկա են գտնվել ԻԻՀ նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադին, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սոբհանին, Արդարադատության նախարարի տեղակալ Ասքյար Ջալալիանը, Իրանի գործադիր, օրենսդիր մարմինների, զինված ուժերի ներկայացուցիչներ, իսլ․խորհրդարանում հայազգի պատգամավորներ, Իրանում հավատարմագրված մի քանի տասնյակ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ, իրանցի մշակութային, հասարակական գործիչներ, իրանահայ համայնքի ներկայացուցիչներ:
Հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգերի կատարմամբ, որին հաջորդել են Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի, ԻԻՀ նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամմադիի, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի ելույթները:
Շնորհավորելով ՀՀ անկախության 34-րդ տարեդարձը՝ դեսպան Հակոբյանն ընդգծել է Իրան- Հայաստան առանձնահատուկ հարաբերությունների դերն ու նշանակությունը, բարձր գնահատել երկկողմ սերտ փոխգործակցությունն ու ամուր շփումները:
ՀՀ դեսպանը կարևորել է ընթացիկ տարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ երկկողմ հարաբերությունները հասցնելու ռազմավարական մակարդակի:
Իիրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամմադին ընդգծել է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների բարձր նշանակությունն Իրանի Իսլամական Հանրապետության համար, վերահաստատել պաշտոնական Թեհրանի մոտեցումը՝ ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցում:
Իրանի փոխնախագահը կարևորել է բոլոր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն իր խոսքում անդրադարձել է անկախության նշանակությանը, ընդգծել այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության որդեգրած հանձնառությունը:
Անդրադառնալով Իրանի հետ երկկողմ հարաբերություններին՝ Դավիթ Կարապետյանն նշել է, որ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Իրան-Հայաստան հարաբերություններն ապրում են վերընթաց զարգացում՝ ձգտելով ռազմավարական բնույթի: