ՀՀ իշխանությունը անցում է լիազորությունը՝ հարձակվելով եկեղեցու վրա. Ռուս ուղղափառ եկեղեցի
https://parstoday.ir/hy/news/armenia-i238452-ՀՀ_իշխանությունը_անցում_է_լիազորությունը_հարձակվելով_եկեղեցու_վրա._Ռուս_ուղղափառ_եկեղեցի
Հայաստանի օրենսդրության համաձայն՝ եկեղեցին անջատ է պետությունից, և իշխանության ներկայացուցիչներն իրավունք չունեն միջամտել եկեղոցու գործերին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2025 14:48 Asia/Tehran
  • ՀՀ իշխանությունը անցում է լիազորությունը՝ հարձակվելով եկեղեցու վրա. Ռուս ուղղափառ եկեղեցի

Հայաստանի օրենսդրության համաձայն՝ եկեղեցին անջատ է պետությունից, և իշխանության ներկայացուցիչներն իրավունք չունեն միջամտել եկեղոցու գործերին։

Հայաստանի իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով գերազանցում են իրենց լիազորությունները. եկեղեցին օրենքով առանձնացված է պետությունից, հայ ժողովուրդը եկեղեցուն վերաբերվում է մեծ հարգանքով և վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիազորություն չի տվել բարեփոխել եկեղեցին իր հայեցողությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը:

Հոկտեմբերի 22-ին ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում՝ Փաշինյանը սպառնացել էր Հայ առաքելական եկեղեցուց խլել պետության սեփականություն հանդիսացող և եկեղեցու կողմից անհատույց օգտագործվող եկեղեցիները, քանի որ «այնտեղ հոգևոր կյանք չկա»: Փաշինյանի կարծիքով, վայրը, որտեղ «հոգևոր կյանք կա»՝ Հովհաննավանքն է, որի վանահայրը եղել է Արամ քահանա Ասատրյանը (բազմաթիվ խախտումների և եկեղեցին վարկաբեկելու համար, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ասատրյանին կարգալույծ է արել): Փաշինյանը ԱԺ–ում հայտարարել է, որ ՀԱԵ առաջնորդ Գարեգին Բ-ն այլևս հոգևորականության ներկայացուցիչ չէ, իսկ նրա եղբայրը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը, Փաշինյանի խոսքով, «ԿԳԲ-ի գործակալ» է։

«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարը որոշել է անհավասար պայքարի մեջ մտնել ազգային հոգևոր արժեքների դեմ և այդ նպատակով հետապնդում և վիրավորում է եկեղեցու առաջնորդներին ու հոգևորականներին, ձերբակալություններ անում, եկեղեցու շենքերի առգրավման սպառնալիքներ հնչեցնում: Հնարավոր է, որ դա տեղի է ունենում արտաքին ուժերի ազդեցության տակ, քանի որ նման գաղափարներն ակնհայտորեն չեն արտացոլում հայ ժողովրդի զգացմունքները, որը մեծ հարգանքով է վերաբերվում իր եկեղեցուն և Փաշինյանին լիազորություն չի տվել այն բարեփոխելու սեփական կամայականությամբ», - ասել է Բալաշովը։

 

Նա հավելել է, որ աշխարհիկ պետության քաղաքական գործիչն իրավունք չունի միջամտել եկեղեցական կարգին, որը որոշվում է հենց եկեղեցու կանոնական դրույթներով։ Առավել ևս, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը՝ ընդգծելով, որ դրանք օժտված են ինքնավարությամբ և պետությունից անջատ են:

«Այսպիսով, վարչապետը նման արտահայտություններով խախտում է իր սահմանադրական լիազորությունները՝ թույլ տալով վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ եկեղեցական առաջնորդների հասցեին», - ընդգծել է պատրիարքի խորհրդականը:

Նա նաև հիշեցրել է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ պետությունը պարտավորվել է ճանաչել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

«Պատմական փորձը համոզիչ ցույց է տալիս, որ մարդկանց հավատքի և եկեղեցու դեմ պայքարն անխուսափելիորեն ավարտվում է պարտությամբ, իսկ եկեղեցի անարգողները խայտառակվում են»- եզրափակել Է գործակալության զրուցակիցը:

Հավելենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը: